Լրահոս
Օրվա լրահոսը

Գծիկի գործածության մի յուրահատկության մասին. Լեզվի կոմիտեի հորդորակը

Նոյեմբեր 04,2020 13:16

Քարոզչամեքենան կարող է լինել ադրբեջանաթուրքական, բայց դիվանագիտական հարաբերությունները՝ ադրբեջանա-թուրքական։

Բառերի այնպիսի միացությունները, որոնք արտահայտում են լեզուների, ժողովուրդների, պետությունների և այլ հարաբերություններ, երկկողմ  (նաև եռակողմ) առնչություններ, ինչպես՝ հայ-իրանական (բարեկամություն), ռուս-հայերեն (բառարան), ֆրանս-բելգիական (գործակցություն), գրվում են միության գծիկով։

Ինչպե՞ս են առաջացել սրանք։ Հայ-իրանական բաղադրությունը, օրինակ, առաջացել է այսպես. հայկական-իրանական կամ հայկական և իրանական կապակցության առաջին բաղադրիչի -ական կրկնվող ածանցը կրճատվել է (և-ը՝ դուրս մղվել), և  բնականորեն կիրառվել գծիկը։ Այդ գծիկն է հուշում, որ ռուս-հայերեն-ը նշանակում է հայերեն-ռուսերեն,  ֆրանս-բելգիական-ը՝ ֆրանսիական և բելգիական և այլն։

Այս խմբի մեջ են մտնում ու գծիկով են գրվում նաև այն կազմությունները, որոնց առաջին բաղադրիչն ունի -ա- կամ -ո- մասնիկը, ինչպես՝ գերմանա-հայկական (առնչություններ), իսրայելա-պաղեստինյան (հակամարտություն), անգլո-ամերիկյան (գրականություն)։

Շատերը մտածում են. քանի որ այս կարգի կազմությունների բաղադրիչների միջև հոդակապ կա, հետևաբար դրանք պետք է միասին գրել։ Այնինչ նման դեպքերում այդ ա-ն միացնելու, կապելու դեր չունի, քանի որ այդ բաղադրությունները ցույց են տալիս երկկողմ հարաբերություններ և առաջացել են կրկնվող ածանցի կրճատման հետևանքով։

Միության գծիկի նշված կիրառության մի դրսևորումն ենք տեսնում վերջին շրջանում հաճախադեպ արցախա-ադրբեջանական բաղադրության մեջ։ Սա պետք է գրվի գծիկով, քանի որ երկկողմ հարաբերություն է ցույց տալիս, այլապես կընկալվի ինչ-որ միասնություն, որ բացառվում է։

Իսկ ահա ադրբեջանաթուրքական քարոզչամեքենա կապակցության առաջին բառի բաղադրիչները միասին են գրված, քանի որ այդ կազմությունը երկկողմ առնչություն, հանդիպադրում ցույց չի տալիս, այլ ընդհակառակը՝ ադրբեջանական և թուրքական միասնություն։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

երկկողմ հարաբերություններ և առնչություններ ցույց տվող կազմությունների բաղադրիչները գրել միության գծիկով, իսկ այն բաղադրությունները, որոնք նշանակում են միասնություն, ամբողջություն, գրել միասին՝ առանց գծիկի։

Լեզվի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30