Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ասեք, թե մոտավոր ինչ տեւողությամբ ռազմական գործողություններ եք պատկերացնում 2021թ.-ին, եւ որոշումներ կայացնենք». նախարարը՝ պատգամավորին

Նոյեմբեր 04,2020 13:09

«Ի տարբերություն բնականոն իրավիճակի՝ հիմա անորոշության բարձր աստիճանում ենք: Այն, ինչ այսօր գնահատվում է վաղվա համար, վաղը կարող է արդիական չլինել, բայց ունենք խնդիր որեւէ պահի մեր պատկերացումն ամբողջացնելու, իհարկե՝ աչքներիս առաջ ունենալով ռիսկերը բյուջեի կատարման ընթացքում»,-ԱԺ պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2021թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա չբացառեց, որ հաջորդ տարի եւս բյուջեի  նախագծի վերանայման կարիք կլինի. «Անորոշությունը՝ պայմանավորված համավարակով եւ պատերազմով, չի նվազում: Տարբերվող ցուցանիշները չեն բացառվում»:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը նկատեց՝ ակնհայտ է, որ բյուջեի այս նախագիծը չի արտացոլում պատերազմով պայմանավորված ռիսկերը. «Ի՞նչն է խանգարում, որպեսզի այս ժամանակահատվածն ավելի մոտեցնենք ռազմական ռելսեր դնելու բյուջեին, որովհետեւ դա ուղերձի առումով էլ է կարեւոր: Ինչպես ասացիք, վերաբաշխումների շնորհիվ պաշտպանական բնագավառում հիմա շատ ավելի մեծ ծախս է իրականացվում, քան պլանավորված էր 2020թ. բյուջեով: Եկեք մի քայլ էլ մոտենանք իրականությանը, եւ եթե հետագայում անհրաժեշտ լինի փոփոխություն, կկարողանանք արագ հավաքվել ու քննարկել»:

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ չկա այդպիսի հնարավորություն, որովհետեւ անորոշության աստիճանի մասին խոսելիս մենք իրեն չենք նույնականացնում, մինչդեռ ձեր հարցը պարտավորեցնում է դա անել: Նախ, հենց պաշտպանության հետ կապված անորոշությունն է մեծ, այսինքն, այն իրողությունը, որը կա այսօր, վաղը կարող է դառնալ ոչ արդիական: Հետեւաբար, այսօր անորոշության նման պայմաններում չենք կարող կատարել այնպիսի փոփոխություն, որը կհամարենք բյուջեի տրամաբանության տեղափոխում պաշտպանական ռելսերի վրա: Առավել եւս, որ այնքան էլ որոշակի չի՝ պաշտպանական ռելսեր ասելով ի՞նչ նկատի ունենք. չափազանց հզոր տնտեսություն, որն իր կարիքները կբավարարի՞: Թե մեր ունեցած պայմաններում պաշտպանությանը հատկացվող չափերի վերանայում որպես կարճաժամկետ լուծում: Բացի այդ, վերանայումը միայն թվերով չէ, այլ քաղաքականության վերանայում էլ է ենթադրում: Հետեւաբար, մենք առայժմ չենք կարող պաշտպանության բնագավառի ծախսերի փոփոխության մասին խոսել»:

Արտակ Մանուկյանը նշեց. «2020թ.-ի մոդելում, բնականաբար, պատերազմական իրավիճակ պլանավորած չէր, բայց, այդուհանդերձ, գերակայությունների փոփոխությունը հնարավորություն է տվել, որ մենք մեկ ամսից ավելի բարձրացնենք ոլորտի պաշտպանունակությունը՝ սոցիալական կյանքի ապահովում եւ պաշտպանական բնագավառին միտված ծախսեր: Ենթադրենք, որ սա պրոյեկտում ենք նաեւ 2021թ.-ին՝ պատրաստվելով վատագույնին»:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Եթե տեխնիկական հնարավորության մասին է խոսքը, գործնականում ամեն ինչ էլ հնարավոր է: Տվեք ելակետային տվյալներ, եւ ցանկացած վարժություն հնարավոր է: Որ ասում եք՝ պրոյեկտենք, եկեք պրոյեկտենք. Դուք ասեք, թե մոտավոր ինչ տեւողությամբ եւ ուժգնությամբ ռազմական գործողություններ եք պատկերացնում 2021թ.-ին, եւ դա գնահատենք ու որոշումներ կայացնենք: Իսկ 2020թ.-ին մենք ծախսային քաղաքականություն չենք վերանայել: Ուղղակի վերանայել ենք առաջնահերթությունների իրականացումը: Առայժմ հնարավոր չի գնահատել, թե մյուս տարի որքան է տեւելու ազդեցությունն այս տարվա, հետեւաբար՝ այսօր չենք կարող հաջորդ տարվա համար վերանայումներ անել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30