ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը շարունակում է այս դժվարին ժամանակներում մնալ Արցախի և արցախահայության կողքին։
Ինչպես արդեն հայտնել էինք, Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած մեր հայրենակիցներին՝ նրանց համար ստեղծելով հարմարավետության բոլոր պայմանները, երեքանգամյա սնունդը, ինչպես նաև ապահովելով երեխաների կրթական, մշակութային ու ժամանցային զբաղվածությունը։
Միանալով համահայկական շարժմանը (Global Armenian movement) և կոչ անելով միջազգային գիտական հանրությանը միանալ դրան՝ ԲԱ-ն առ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել ընդհանուր առմամբ 3 մլն ՀՀ դրամ։
Աստղադիտարանի ավտոբուսները բազմաթիվ ուղերթներ են իրականացրել դեպի Արցախ և Արցախ-Երևան ուղղություններով։ Ներկայումս մեր ավտոբուսներից մեկը գտնվում է պաշտպանության բանակի տրամադրության տակ։
Կարդացեք նաև
ԲԱ ֆեյսբության էջն ակտիվ կերպով արձագանքում է ներկայիս իրադարձություններին և բազմաթիվ նյութեր է հրապարակում ի պաշտպանություն մեր բանակի և մեր հաղթանակի։
ԲԱ-ն միանգամից արձագանքել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված ծրագրին, որի շրջանակներում գիտական հաստատությունները կարող են մասնակցել պաշտպանական խնդիրներին առնչվող աշխատանքներին։ Ներկայացվել է մի քանի առաջարկ և ձևավորվել է երիտասարդ գիտաշխատողների խումբ, ովքեր ընդունակ են նպաստել պաշտպանական խնդիրներին։
Դրանից զատ ԲԱ-ն մասնակցում է հանրային տարբեր նախաձեռնությունների, համագործակցում է տարբեր կառույցների հետ, իրականացնում է անվճար այցելություններ Արցախից ժամանած խմբերի համար, ինչպես նաև աստղադիտարանի այցելությունների նվեր քարտերի վաճառք, որի ողջ հասույթը նույնպես փոխանցվելու է հիմնադրամին։
Մենք բաց ենք առաջարկների և նոր համագործակցությունների համար։
Մելինե ԱՍՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան