Լրահոս
Օրվա լրահոսը

Ու հետաքրքիր է, որ այս պարագայում էլ հաստատության տնօրինությունը շարունակում է հերքել բուժառուների ահազանգերը

Նոյեմբեր 04,2020 11:47

Սեպտեմբերի 23-ին առցանց «Առավոտում» անդրադարձել էինք նախկին դատապարտյալ Ա․Ղ.–ի ահազանգին, ըստ որի՝ նրան տեղափոխել էին «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» (Նուբարաշենի նախկին հոգեբուժարան–խմբ)՝ եւ առանց նրա համաձայնության ներարկում էին հոգեմետ դեղեր։

Ա․Ղ․–ն խնդրում էր օգնել իրեն, որ չոտնահարվեն իրավունքները։ Հրապարակումից մեկ օր անց կենտրոնի հանձնաժողովը հետազոտելով Ա․Ղ–ին՝ նրան դուրս էր գրել՝ ոչ հոժարակամ բուժման հիմքերի բացակայության պատճառով։

Խմբագրություն ահազանգողը նաեւ նշել էր, որ հոգեբուժարանում չեն պահպանվում հակահամաճարակային վիճակը, ախտահանիչ հեղուկներ չկան, աշխատակիցներն առանց դիմակների են։ Կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հերքել էր այս ամենը

«Հանուն ազատության» նախաձեռնող խումբը, որը զբաղվում է անազատության մեջ գտնվող անձանց, ինչպես նաեւ նախկին դատապարտյալների իրավունքներով, «Առավոտ»-ի հրապարակումը ուղարկել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով ուշադրության կենտրոնում պահել բարձրացված հարցերը։

Ինչպես մեզ տեղեկացրեց «Հանուն ազատության» նախաձեռնող խմբի անդամ Բաբկեն Ղարդյանը, ՄԻՊ-ի աշխատակազմը հոկտեմբերի 9-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ուսումնասիրության արդյունքները։ «ՄԻՊ-ը մանրամասն ներկայացրել է Ա․Ղ.–ի հետ ունեցած հեռախոսազրույցը, նրա նկատմամբ կիրառված բուժումը եւ դուրս գրումը հոգեբուժական կենտրոնից, քանի որ կարիք չկար ոչ հոժարակամ բուժման»,–ասաց Ղարդյանը՝ ավելացնելով, որ ՄԻՊ-ի պատասխանում նաեւ նշված է, որ աշխատակիցներն ու փորձագետները չնախատեսված այց են կատարել հոգեբուժարան, ստուգվել են կորոնավիրուսի պատճառով իրականցվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաեւ հոգեբուժարանում պահվող բուժառուների փաստաթղթերը։

«Հարկ է նշել, որ մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հետ, դրանց վերաբերյալ կազմվել է համապատասխան վերլուծություն՝ տեղեկանքի տեսքով, որը կհասցեագրվի իրավասու մարմիններին»,,–նշված է ՄԻՊ–ի աշխատակազմից ստացված պատասխանի մեջ։

Ըստ Բաբկեն Ղարդյանի, ստացվում է, որ նախ՝ խմբագրություն ահազանգողը՝ Ա․Ղ․–ն չի ուռճացրել փաստերը, եւ հետո՝ պատասխանի մեջ նշված է, որ այցը կատարվել է օգոստոսի 6-ին, այսինքն` ահազանգից, համարյա երկու ամիս անց էլ հոգեբուժարանում ոչ մի բան չի փոխվել։

«Ու հետաքրքիր է, որ այս պարագայում էլ հաստատության տնօրինությունը շարունակում է հերքել բուժառուների ահազանգերը՝ պնդելով, որ հոգեկան շեղումներ ունեցող անձինք ոչ հավասարակշիռ են, ու գուցե լավ չեն ընկալում շրջապատում կատարվող երեւույթները»,–նշեց Բաբկեն Ղարդյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30