«Ժամանակ»-ի զրուցակիցն է Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, որը պատերազմական առաջին օրերից կամավորության սկզբունքով առաջնագծում էր։ Խզմալյանը մի քանի օրով է վերադարձել Երևան։ Օգտագործելով առիթը՝ մի քանի հարց ուղղեցինք նրան։
– Արդեն ակնհայտ է, որ պատերազմը երկար է տևելու։ Մեզ կհաջողվի՞ անհրաժեշտ դիմադրություն ցույց տալ։ Ձեր կողմից հիշատակված արցախյան առաջին պատերազմի մասնակից ազատամարտիկները հորդորում են չընկճվել հակառակորդի առաջխաղացումից, հիշում են, երբ առաջին պատերազմի ժամանակ հակառակորդը հասել էր Գանձասար, բայց տեսանք՝ պատերազմը ինչով ավարտվեց։ Դուք էլ եք լավատե՞ս։
– 12 տարի առաջ ես նկարահանել եմ «Սարդարապատ» վավերագրական ֆիլմը, որտեղ վերլուծում էի առաջին համաշխարհային պատերազմի ավարտին տեղի ունեցող զարգացումները, առաջին հանրապետության հիմնումը, Սարդարապատի ճակատամարտը։ Դա այն օրինակն էր, երբ մեր աշխարհազորը փայլուն հաղթանակ տարած, բայց օրեր անց մեր դիվանագիտությունը խայտառակ պարտություն կնքեց Բաթումում։ Այդ ֆիլմում ես փորձում էի զգուշացնել դրա կրկնության վտանգների մասին, բայց հիմա տեսնում եմ, որ վիճակը կրկնվում է։ Բանակը ուզում է կռվել, բանակը կռվում է, բանակը չի նահանջում։ Ցավոտ զիջումների մասին վարչապետի հայտարարությունը ցասում և զայրույթ էր առաջացրել բանակում։ Այնպես որ, մեր բոլոր հաղթանակները ռազմական են, մեր բոլոր պարտությունները՝ քաղաքական։ Այդպես եղել է և, ցավոք, այդպես էլ շարունակվում է։
– Իսկ ի՞նչ կասեք իրանական կողմի առաջարկի վերաբերյալ՝ հակամարտությունը կարգավորել տարածաշրջանի երկրներով։ Այս առաջարկը Իրանի արտգործնախարարը արդեն քննարկել է Մոսկվայի, Ադրբեջանի, Հայաստանի հետ։
Կարդացեք նաև
– Ես հասկանում և հարգում եմ Իրանի նախաձեռնությունը, բայց պետք է հասկանալ, որ մեզ առաջարկ է արել աշխարհի հզորագույն ռազմաքաղաքական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը՝ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով։ Հիմա ի՞նչն է մեզ համար նախընտրելի՝ Ռուսաստանի, Իրանի բացառապես սեփական շահը հետապնդող առաջարկություննե՞րը։ Ինձ համար երկրորդ հարց գոյություն չունի։ Մենք միանգամայն պետք է ընդունենք ԱՄՆ-ի առաջարկը, քանի որ դա մեզ թույլ է տալիս փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական ողբերգական կարգավիճակը, պահպանել Արցախը և հետագայում իրականացնել բաղձալի նպատակը՝ Հայաստանի և Արցախի միացումը։ Կոսովոյի նախադեպը թույլ է տալիս, որ հետագայում անցկացնենք հանրաքվե և Արցախը միացնենք Հայաստանին։
Ոնց հասկանում եմ՝ առաջիկա շաբաթը մեզ համար առանձնապես ծանր է լինելու։ ԱՄՆ նախագահի ընտրությունները ստեղծում են տեղեկատվական և քաղաքական այնպիսի իրավիճակ, երբ Արցախի մասին աշխարհը կմոռանա մի քանի ժամով, մի քանի օրով։ Պետք է սպասել ամեն տեսակի հարձակումների, սադրանքների։ Նրանք կփորձեն օգտվել այդ տեղեկատվական և քաղաքական վակուումից։ Ես ծանր օրեր եմ կանխատեսում։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: