ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:
- Ռազմական դրությունը հասկանալիորեն կարող է մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների հիմք լինել, ու Հայաստանի Սահմանադրությունը նման հնարավորություն ամրագրում է: Ռազմական դրության պայմաններում պետությունը պետք է ունենա կոնկրետ իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ ու բավարար սահմանափակումներ ամրագրելու հնարավորություն՝ բացառելու համար տեղեկատվական հոսքերի հարցում վտանգներն ու սպառնալիքները, ռազմական դրության պայմաններում առավել արդյունավետ պաշտպանելու համար մարդկանց իրավունքները:
- Մյուս կողմից, սահմանափակումները պետք է ամրագրվեն հստակ կանոններով, ունենան բարձր աստիճանի կոնկրետություն և բացառեն որևէ տեսակի անորոշություն: Այս պահանջն ունի հիմնարար կարևորություն, քանի որ վերաբերում է ոչ միայն Հայաստանում լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու լրագրողներին, այլ նաև բոլոր քաղաքացիներին առհասարակ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ սահմանափակումները խախտելու համար կոնկրետ դեպքում վարչական վարույթներն ու տուգանքները չպետք է դառնան անհամաչափ միջամտություն մարդու իրավունքներին կամ լրատվական գործունեություն իրականացնողների մասնագիտական աշխատանքին:
- Այս կարգավորումների պատճառով իրավական դժվարություններ են առաջացել Ոստիկանության համար, որը դարձել է դրանց «իրավական զոհը»: Դա էլ իր հերթին արդեն ձևավորել է ոչ միասնական պրակտիկա: Արդյունքում՝ նախատեսված սահմանափակումների կամ արգելքների գործողության տիրույթում հայտնվել-չհայտնվելու անկանխատեսելիությունը լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, լրագրողների ու տարբեր քաղաքացիների համար առաջ է բերել անհարկի դժվարություններ:
Այս ամենն էլ իր հերթին հանգեցնում է երկրում հայտարարված ռազմական դրության իրավաչափ նպատակներից չբխող սահմանափակումների։
- Իրականում, ստեղծված բարդ իրավիճակում մարդկանց տեղեկացված լինելու հասարակական կարևոր պահանջը ենթադրում է, որ մասնագիտական սկզբունքներին ու կանոններին համապատասխան գործունեություն ծավալող լրագրողների համար պետք է երաշխավորվեին աշխատանքի առավել բարենպաստ պայմաններ՝ ապահովելով կանոնների հստակություն:
- Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով բարձրացվել է նշված կարգավորումների համապատասխանության հարցը կարծիքի արտահայտման ազատության, իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական պահանջներին, այդ թվում՝ միջազգային փորձի ու չափանիշների լույսի ներքո:
Դիմումում բարձրացվել են նաև նշված սահմանափակումներն ամրագրող իրավական ակտերի ընդունման ընթացակարգային խնդիրներ:
Կարդացեք նաև
- Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի համար հիմք են ծառայել Հայաստանի Ժուռնալիստների միության, լրատվական գործունեություն իրականացնող երկու տասնյակից ավելի կազմակերպությունների և քաղաքացիների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումներն ու բողոքները, սեփական նախաձեռնությամբ Պաշտպանի ուսումնասիրությունները, ինչպես նաև պետական մարմինների պարզաբանումներն այդ հարցերի առնչությամբ:
- Ամփոփելով ողջ նշվածը՝ հարկ եմ համարում հստակ արձանագրել, որ Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանավություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը:
- Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, առանձին լրագրողների ու քաղաքացիների համար պետք է հստակ ամրագրված լինի, թե կոնկրետ որ դեպքում իրենց քննադատությունը, կարծիքը կամ դիրքորոշումը կհակասի ռազմական դրության ընթացքում գործող սահմանափակումներին և կոնկրետ ինչի համար ու ինչ պատասխանատվություն կառաջանա, եթե նրանք թույլ տան այդ սահմանափակումների խախտումներ»:
Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ...
Posted by Arman Tatoyan on 2020 թ. նոյեմբերի 3, երեքշաբթի