Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքները «մեղավոր չեն»

Նոյեմբեր 04,2020 10:00

Դեմագոգիկ հռետորաբանության մեջ ընդունված բազմաթիվ հայտնի հնարքներից ամենատարածվածներից մեկն է՝ հայտնի բացասական օրինակով որեւէ թեզի հերքումը: Ենթադրենք, պետությունը ծրագիր է մշակում, որն ուղղված է ծխելու դեմ պայքարին: Դեմագոգը, որը ներկայացնում է ծխախոտային արդյունաբերությունը, այդ միջոցառումներին հակադրում է հետեւյալ «փաստարկը»՝ «Իսկ դուք գիտե՞ք, որ Երրորդ Ռեյխում Հիտլերը նույնպես պայքարում էր ծխելու դեմ»: Նման սոփեստություններով կարելի է վարկաբեկել ցանկացած գաղափար՝ քրիստոնեություն, իսլամ, սոցիալիզմ, ազատ շուկա՝ որն ուզես: Որովհետեւ միշտ էլ կգտնվեն մարդիկ կամ մարդկանց խմբեր, որոնք իրենց հայտարարել են այս կամ այն գաղափարի ջատագով, բայց իրականում դրա հետ բացարձակապես կապ չունեին, կամ էլ՝ այդ գաղափարն իրագործում էին սխալ, երբեմն՝ հանցավոր ձեւերով: Եվ գաղափարի հակառակորդները միշտ էլ հնարավորություն ունեն բացականչելու՝ «է՞ս չէր ձեր այսինչը կամ այնինչը»:

Այս պատմական ժամանակահատվածում նման հարվածի տակ հայտնվեցին ազատական ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, բազմամշակութայնությունը եւ նմանատիպ արժեքներ: Այդ բոլոր գաղափարները վարկաբեկված էին առնվազն վերջին երկու տասնամյակում, բայց նախավերջին լուրջ հարվածը դրանք ստացան կորոնավիրուսի պատճառով, որովհետեւ վարակի դեմ գլոբալ պատերազմում անխուսափելի են մարդու իրավունքների սահմանափակումները, եւ շատերը պնդում են, թե որքան խիստ են այդ սահմանափակումները, այնքան արդյունավետ է պայքարը:

Վերջին (առայժմ վերջին) հարվածը հասցրել է այս պատերազմը: Աշխարհին այն «լոկալ» է թվում, բայց դա, ըստ ամենայնի, պատրանք է՝ եվրոպական քաղաքներում թափ հավաքող բռնությունները նույնպես պատերազմ են, որն իրականացնում են նույն ուժերը, որոնք հարձակվել են Հայաստանի վրա, եւ այդ պատերազմը շարունակ ընդլայնվելու է:

Ուրիշ հարց, որ եվրոպական երկրների կառավարությունները չեն ուզում այդ պատերազմը տեսնել: Նրանք շարունակում են խոսել մարդու իրավունքներից եւ տարբեր մշակույթների «խաղաղ համակեցությունից», բայց իրականում այդ հարցերը եվրոպական կառավարիչներին չեն հուզում: Դա նրանց համար ինչ-որ «մանտրա» է, որոնք նրանք կրկնում են, ինչպես մեր հոգեւորականներն են երբեմն զուտ մեխանիկորեն արտաբերում «Հայր մերը»՝ չխորանալով դրա իմաստի մեջ:

Իրականում եվրոպական կառավարություններին իրենց քաղաքացիների անվտանգությունը (որը մարդու հիմնական իրավունքն է) շատ ավելի քիչ է հետաքրքրում, քան զենք ծախելն ու նավթ-գազ առնելը: Նրանք անգամ չեն գիտակցում, որ նույն պատերազմում ավելի ազդեցիկ է դառնալու նաեւ հակառակ՝ ազգայնական կողմը, որը կսպառնա իրենց երկրների օրինապաշտ թուրք եւ ընդհանրապես մահմեդական քաղաքացիներին: Սա ի՞նչ է, եթե ոչ հարված բազմամշակութայնությանը:

Ճիշտ նույն ձեւով Իսրայելի կառավարությանն առանձնապես չի հուզում սինագոգի վրա զինված հարձակումը, քանի որ ազգն ու հավատը նրա համար պակաս կարեւոր են, քան «դրոնների բիզնեսը»: Այնպես որ դժվար է պնդել, որ հրեական պետությունն այսօր ինչ-որ արժեքներ է դավանում:

Բայց բուն արժեքները «մեղավոր չեն», որ կառավարությունները դրանք վարկաբեկում են: Բարբարոսները միայն կուրախանան, եթե մենք դրանց դեմ խոսենք: Կարծում եմ, մենք պետք է լինենք, ինչպես ասում են, արժեքների «նեղ օրվա ընկերը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30