Պարզաբանում է մասնագետը
Անահիտի (անունը փոխված է) անքնությունն առաջացել է ամուսնու մահից հետո: «Ամուսնուս մահից հետո վեց ամիս անքուն լուսացնում էի, սկսվեցին ուժեղ գլխացավեր, դրանից առաջ էլ ունեի անքնություն, բայց ոչ այդ կարգի, փոխարենը սկսեցին ցավել աչքերս ու ականջներս»,-մեզ հետ զրույցում ասաց Անահիտը, որը դիմել էր ընտանեկան բժշկի եւ կարողացել էր ազատվել անհանգստացնող ցավերից: «Հիմա գլխացավեր չունեմ, բայց անքնություն ունեմ, սրտի կանաչ հաբերն եմ խմում քանի օր, սկսում է կարգավորվել, այն ժամանակ ընդհանրապես չէի քնում, իսկ հիմա 2-ից հետո արթնանում եմ ու լուսացնում»,-հավելեց նա:
20-ամյա Նարինեի մոտ քնի խանգարումներն առաջացել են դեռ երեք տարի առաջ, երբ պատրաստվում էր ընդունելության քննություններին. «Շատ ծանրաբեռնված էի, հաճախում էի երեք պարապմունքի, գիշերները չէի քնում, որպեսզի հասցնեի ավարտին հասցնել առաջադրանքներս»: Արդյունքում՝ նա բախվել է անքնության խնդրին, փորձել է ինքնուրույն կարգավորել քնի ռեժիմը, սակայն ապարդյուն: «Դեղագետի խորհրդով սկսեցի օգտագործել բուսական դեղեր, այդ ընթացում հանգստություն էի զգում, կարծում էի՝ հաղթահարել եմ, բայց երբ դադարեցի խմել հաբերը, վերադարձա նախկին վիճակին»,-ասում է նա:
Ըստ հոգեբան Անուշ Կարապետյանի՝ անքնությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ. «Անքնությամբ են ուղեկցվում նեւրոզները, դեպրեսիան եւ մի շարք այլ հոգեբանական խնդիրներ, ամեն դեպքում հիմքում ընկած են անձին անհանգստացնող երեւույթները, որոնք երբեմն չեն գիտակցվում»: Հոգեբանը նշեց, որ անքնությամբ տառապող անձինք ավելի խոցելի են եւ նյարդային: Նրա ձեւակերպմամբ, նյարդային համակարգի լարվածության դեպքում ամեն չնչին ազդակ կարող է խոչընդոտել քնելու գործընթացին, ամենատարբեր խնդիրները, որոնք մարդն այդ պահին անլուծելի է համարում, կրկին կարող են պատճառ հանդիսանալ, ինչպես նաեւ տեւական ներքին կոնֆլիկտները, որոնք արտամղված են մարդու գիտակցականից, եւ մարդը չի էլ հիշում դրանց մասին, նորից կարող են զրկել մարդուն հանգիստ քնից:
Խոսելով խնդրի լուծման մասին՝ մասնագետը նշեց. «Ամենաարդյունավետ միջոցը տեւական հոգեթերապիան է, որի ընթացքում անձը աշխատում է իր հոգեբանական խնդիրների վրա, որոնք էլ անքնության պատճառ են հանդիսանում, բայց կան նաեւ տարբեր վարժություններ. օրինակ, մարդը անընդհատ ինքն իրեն կրկնի, որ չի քնելու, ինչը եւ հակառակ էֆեկտ է տալիս, կամ մտքում հաշվել, կամ էլ ինքնաներշնչանքին դիմել հետեւյալ արտահայտությամբ` իմ քունը տանում է, իմ կոպերը ծանրանում են, ես զգում եմ, թե ինչպես եմ աստիճանաբար ննջում….»:
Անգին ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.11.2020