Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը օրեր առաջ քննել է մի գործ, որի`սահմանադրությանը համապատասխանելու հարցը մի անգամ արդեն իսկ հաստատել էր 2009 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ

Նոյեմբեր 04,2020 13:30

Հոկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։ Կառավարության ներկայացուցիչն էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանը:

Կառավարությունը դիմել էր Սահմանադրական դատարան հունիսի 3-ին:

Կոնվենցիան ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության (վերապահումով), Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ: Ըստ զեկուցողի`Ա.Խաչատրյանի, Կոնվենցիայի նպատակն է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա միջազգային համագործակցության հետագա ամրապնդումը եւ քրեական արդարադատության բնագավառում փոխօգնության ընդլայնումը: Կոնվենցիան պարունակում է մի վերապահում, այն էլ Ղազախստանի կողմից արված:

Կոնվենցիան կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները՝ կապված պատիժ նշանակող պետության դատարանի կողմից նշանակված՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման եւ (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ, կոնվենցիայի դրույթները  կիրառվում են դատարանի այն որոշումների (դատավճիռների) նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ, եւ (կամ) կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ, որոնք օրինական ուժի մեջ են մտել: Հայաստանը մի շարք պարտավորություններ ստանձնել է, մասնավորապես, ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, որի հասցեով ստացվել է պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությունը, փոխանցման մասին միջնորդությամբ դիմած դատապարտյալին կամ նրա օրինական ներկայացուցչին գրավոր հայտնի ընդունված (պատժի կատարումը փոխանցելու մասին հարցմամբ դիմելու կամ մերժելու վերաբերյալ) որոշման մասին: Մերժելու վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված: Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է ապահովի դատապարտյալի կամ նրա օրինական ներկայացուցչի միջնորդության հիման վրա պատժի  կատարումը փոխանցելու մասին հարցումը` դիմելով պայմանավորվող կողմի իրավասու մարմնին: Կոնվենցիան համապատասխանում էր ՀՀ սահմանադրությանը:

Կոնվենցիան չի կիրառվում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու մասին դատարանի որոշումների, ինչպես նաեւ այն դատավճիռների կատարման հետ կապված հարցերի նկատմամբ, որոնց համապատասխան՝ որպես պատիժ սահմանվել է տուգանք կամ գույքային բնույթի այլ պատիժ, ինչպես նաեւ բռնագրավում:

Ի դեպ, այս կոնվենցիայով, Հայաստանը պարտավորվել էր որպես պատիժը կատարող պետություն՝ հանրապետության իրավասու մարմնի միջոցով, պատիժը նշանակող պետության իրավասու մարմնին ծանուցել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը եւ (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելու նպատակով ընդունված՝ դատապարտյալի նկատմամբ ներման ակտ կամ համաներման ակտ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մասին նույնպես:

Հոկտեմբերի 27-ին սահմանադրական դատարանը քննեց մեկ այլ միջազգային կոնվենցիայի`ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու մասին ՀՀ վարչապետի դիմումը:

Այս դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվել 2020 թվականի հունիսի 19-ին:

Խոսքը`«2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի մասին է: Նշենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2010 թվականի մայիսի 17-ին եւ ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին։ Ուշադրության արժանի էր այն, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանությունը Սահմանադրական դատարանը մի անգամ արդեն իսկ հաստատել էր. 2009 թվականի դեկտեմբերի 18-ի ՍԴՈ-846 որոշմամբ:

Հայաստանը ճանաչում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը` ստանալ եւ քննարկել իր իրավասության շրջանակում գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից` Հայաստանի Հանրապետության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտման զոհ լինելու մասին ներկայացվող հաղորդումները, իսկ արձանագրության 2-րդ հոդվածի դրույթների համաձայն` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի իրեն գաղտնի ներկայացված ցանկացած հաղորդմանը վեց ամսվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ պաշտոնական հայտարարություններ կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե` պարզաբանելով հարցը եւ իրավական պաշտպանության այն միջոցը, եթե այդպիսին առկա է, որը կարող էր ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության կողմից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30