Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ազդեցություն ունի սպիտակ ֆոսֆորը երեխաների վրա և ինչպե՞ս կարող է ախտահարել մարդու կենսական կարևոր օրգանները

Նոյեմբեր 03,2020 23:35

Ադրբեջանական կողմի՝ ֆոսֆորային զինատեսակների կիրառությունը ոչ միայն բնապահպանական վնասներ է պատճառում, այլև սպառնում է խաղաղ բնակիչների կյանքին: Սպիտակ ֆոսֆորը մարդու օրգանիզմին վնասներ է պատճառում ոչ միայն այրվածքների տեսքով, այլև կարող է առաջացնել տարբեր օրգան համակարգերի հիվանդություններ: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ի գիշերը ադրբեջանական ուժերը Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում սպիտակ ֆոսֆորի՝ մարդու օրգանիզմի , մասնավորապես երեխաների վրա ունեցած բացասական ազդեցության թեմայով զրուցեց ՀՀ առողջապահության նախարարի՝ բժշկական թունաբանության գծով խորհրդական, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական թունաբանության և վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի հետ:

Նա նշեց՝ եթե թույնը ներթափանցում է օրգանիզմ մաշկային ճանապարհով, այն հիմնականում առաջացնում է մաշկային այրվածք, ունի և′ քիմիական, և′ ջերմային ազդեցություն, քանի որ ֆոսֆորն օդում օքսիդանում է , և դրա հետևանքով առաջանում է պերօքսիդ, որն այրող ազդեցություն ունի: Մարինե Գրիգորյանը մանրամասնեց.  «Անջատվում է ֆոսֆորական թթուն, որը քայքայիչ ազդեցություն ունի ու վնասում է հյուսվածքները: Այդ քիմիական ռեակցիայից առաջացած ջերմային ազդեցությունից այրվածք է առաջանում: Փոշին էլ այնպիսին հատկություն ունի, որ եթե վերքի մեջ է ներթափանցել, չոր վիճակում եթե լինի, կշարունակի բռնկվել: Ֆոսֆորի բռնկվող ազդեցությունը վնասումների դեպքում մաշկի մեջ ներթափանցելու դեպքում շարունակում է ազդեցություն ունենալ, ավելի վնասող  ազդեցություն ունի: Դրա համար առաջին օգնությունը վերքը թաց պահելն է»:

Ֆոսֆորային զինատեսակների կիրառության պատճառով արձակված ծուխը ևս բացասական ազդեցություն ունի: Այս առիթով Մարինե Գրիգորյանը պարզաբանեց. «Այդ ծուխը՝ ֆոսֆին գազն է, որի դեպքում առաջանում է ինհալյացիաների հետևանքով շնչուղիների վնասում:  Եթե այդ թույնի բերանային ընդունում լինի, այդ դեպքում կլինի նաև լորձաթաղանթների, աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի այրվածքներ կամ ինհալյացիայի դեպքում շնչուղիների այրվածքներ»:

Սպիտակ ֆոսֆորի՝ օրգանիզմ ներթափանցումը կարող է վնասել նաև կենսական կարևոր օրգանները: Մարինե Գրիգորյանն այս առիթով ասաց. «Ինքը՝ թույնը, դրա քիմիական ազդեցությունն իր քայքայման մետաբոլիտներով, առաջացնում է լյարդի, երիկամների վնասում, այսինքն՝ ներթափանցելով օրգանիզմ, կարող է վնասել նաև կենսական կարևոր օրգանները՝ լյարդ, երիկամներ, սիրտ, սրտի ռիթմի խանգարումներ կարող է առաջացնել: Ու հիմնականում  կարող է զարգանալ շոկային վիճակ. թե′ այրվածքներից առաջացած ցավային շոկը, թե′ փսխումների և այրվածքի, մարմնի հեղուկների կորստի հետևանքով առաջացող շոկային վիճակները: Թույնի մահացու դոզան համարվում է 5 մգ և ավելի դոզան»:

Հետաքրքրվեցինք՝ եթե  ֆոսֆորային զինատեսակների կիրառումից հետո մարդիկ շարունակեն բնակվել այդ տարածքներում, ֆոսֆորի արտանետումները մթնոլորտ կշարունակե՞ն վտանգել նրանց կյանքը, Մարինե Գրիգորյանը պատասխանեց. «Այդ տարածքները պետք է ջրով, հողով, ավազով ծածկել, որ ֆոսֆորը օդի հետ շփում չունենա: Այդ դեպքում այն անվտանգ է: Ֆոսֆորի բռնկման պրոցեսը զարգանում է օդի հետ շփման հետևանքով: Եթե օդի հետ շփում չունեցավ նյութը, ինքը իր թունավոր ազդեցությունը թողնել չի կարող: Դրա համար էլ օդից են թափում այդ զինատեսակները»:

Մեր հարցին՝ իսկ երեխաների համար սպիտակ ֆոսֆորն ավելի՞ վնասակար է, հատկապես նրա՞նց օրգանիզմին ինչ վնասներ կարող է այդ թունավոր նյութը հասցնել, մանավանդ հայտնի է, որ Արցախի անտառներում, որտեղ կիրառվել է այդ զինատեսակը, ընտանիքներ էլ էին պատսպարվում, Մարինե Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, երեխաների համար ավելի վտանգավոր է: Իրենց մարմնի մակերեսին թույնի չափաքանակը շատ ավելի մեծ չափաքանակով կլինի, քան ավելի մեծ տարիքի մարդկանց, քանի որ նրանց մաշկային ծածկույթները շատ ավելի նուրբ են: Թունավորման կամ այրվածքի վնասման աստիճանը կախված է մարմնի մակերեսի վնասման աստիճանից: 15-30 տոկոս մակերեսով այրվածքը կարող է մահացու լինել»:

Հարցին՝ իսկ հնարավո՞ր է այրվածքների լավանալուց հետո էլ երեխաների մոտ հետևանքներ մնան, Մարինե Գրիգորյանը պատասխանեց. «Սովորական քիմիական այրվածքի պատճառով միշտ էլ եթե այրվածքի աստիճանը խորն է, սպիներ են մնում: Հաշվի առնելով, որ երեխայի մաշկն էլ ավելի նուրբ է, վտանգավորությունը երեխայի համար բարձրանում է: Վտանգը նա է, որ ֆոսֆորը տոքսիկ ազդեցություն ունի և օրգանիզմ ներթափանցելու դեպքում ունի օրգաններին վնասող հատկություն՝ ոչ միայն տեղային վնասումներ, այլև ընդհուպ մինչև ցնցումներ կարող են առաջանալ»:

Կանխարգելիչ գործողություններից մասնագետն առանձնացրեց այն, որ եթե մաշկի հետ շփում է եղել, պետք է անպայման ողողել այն առատ ձևով և շարունակել այդ վնասվածքի մակերեսը թաց պահել, շարունակաբար թրջոցներ դնել, չթողնել, որպեսզի վերքը չորանա: Իսկ եթե վերքում դեռ մնացել են ֆոսֆորի մասնիկները, դրանք չորանալու դեպքում նորից կարող են բռնկվել ու այրվածներ առաջացնել՝ ավելի խորը հյուսվածքների: Մարինե Գրիգորյանն ասաց՝ անգամ երկրորդ էտապով պետք է վիրաբուժական մաքրում անել, վերքը լիարժեք մաքրել, անգամ դա կարող է լինել կրկնակի: Իսկ օրգանիզմ ներթափանցելու դեպքում կատարվում է ըստ օրգան համակարգերի վնասման աստիճանի  համապատասխան ախտանշանային բուժում: Թունավոր նյութի ներթափանցումն օրգանիզմ կանխելու համար պետք է պաշտպանել և′ մաշկը, և′ շնչական ուղիները: Պետք է կիրառել շնչառական դիմակ, հակագազ, օգնություն ցույց տվողն ինքն էլ պետք է պաշտպանված լինի, ինչպես նաև տուժածները. պետք է պաշտպանել աչքերը՝ հերմետիկ ակնոցներով ապակյա ոսպնյակներով, հակագազով: Տեղանքում գտնվող մարդիկ պետք է պատսպարվեն այնպիսի շինություններում, որոնք այրվելու քիչ հավանականություն ունեն՝ բետոնե կոնստրուկցիաներ: Չպետք է թաքնվել նկուղներում, քիչ օդափոխվող ստորգետնյա թաքստոցներում, որովհետև շմոլ գազ էլ կարող է առաջանալ  թունավորման դեպքում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30