Ադրբեջանի նախագահը երեկ ներկայացնելով այն ցանկը, թե ինչ գյուղեր էր իբր իրենք գրավել, Ջաբրայիլի եւ Զանգելանի շրջանի այն տարածքներն էր նշել, որոնք գտնվում են ամենահարավային հատվածում: Այդ շրջանների գրավման մասին ադրբեջանական կողմը հայտարարել էր պատերազմի դեռ առաջին օրերից, ուստի այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հարցին, թե չկա՞ն այստեղ հակասություններ, պատասխանեց. «Հակասություններ կան ու այդ հակասությունները նկատել են նույնիսկ Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ եւ այսօր համացանցում տարբեր ֆորումներում, հատկապես՝ ռուսալեզու, ծաղրում էին Ալիեւին ու հարց էին տալիս՝ հերիք չի՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես»:
Հարցին՝ ի՞նչ վիճակ է այսօր Դավիթ Բեկ համայնքում ու ինչ զինատեսակով էր երեկ թիրախավորվել գյուղը, ո՞րն էր դրա նպատակը՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ մեծ տրամաչափի հրետանային միջոցով էին հարվածել. «Ինչու են այս համայնքը թիրախավորել, եթե քարտեզի աշխարհագրությունը նայեք, պարզ կլինի: Այս պահին համեմատաբար հանգիստ է»:
Հայտնի է, որ ադրբեջանական «Յաշմա» բրիգադի 40 տոկոսը ջախջախվել էր հայկական զինված ուժերի կողմից հուլիսյան դեպքերի ժամանակ: Այսօր էլ իմացանք, որ այսպես կոչված Դժոխքի ձորում Ադրբեջանը կրկին մարտի էր ուղարկել իր հատուկ բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ տխրահռչակ Յաշմայի բրիգադը, ինչպես նաեւ ծովային հետեւակը, արաբ վարձկաններին ու հայտարարվեց, որ կոտրվել է հակառակորդի էլիտար ստորաբաժանումների ողնաշարը:
Ուստի Aravot.am-ը Արծրուն Հովհաննիսյանին հարցրեց՝ հիմա կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը մաշեցրել է իր ուժերի զգալի մասն ու մնացել է արդեն բանակի այսպես կոչված խաժամուժի հույսին ու հնարավո՞ր է բեկում մտցնել ռազմի դաշտում եւ անցնել հարձակման: Նա պատասխանեց, որ հարցի պատասխանը պարունակում է ռազմական գաղտնիքներ. «Ես փաստել եմ, որ Ադրբեջանը գոնե ցամաքային զորքերի հետեւակի եւ զրահատեխնիկայի մասով կարծես թե արդեն չկա, գոյություն չունի եւ այդ մնացորդները, հավաքելով տարբեր տեղերից, գումարելով վարձկաններին, ահաբեկիչներին, էլիտար ստորաբաժանման մնացորդներին եւ այլն՝ փորձում են տարբեր հարձակումներ անել: Բայց թե որն ինչքանով է ոչնչացված եւ այդ բեկումը եւ ինչ-որ իրավիճակի փոխումը երբ կլինի, բերեք սա հանրային քննարկման չդնենք, սա ունի ռազմական բաղադրիչներ»:
Կարդացեք նաև
Վերջում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մարտերը շատ սաստիկ ու ծանր չեն. «Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս նույնիսկ հետապնդում են եւ բնագծերի փոփոխություն կատարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ