Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է գալիս Արծրուն Հովհաննիսյանի վստահությունը, որ հաղթելու ենք

Նոյեմբեր 03,2020 22:45

Որտեղի՞ց է գալիս այդ վստահությունը, որ հաղթելու ենք: Այսօր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին այսպիսի հարց ուղղեց «Մանթաշով գործարարների միության» նախագահ Վահրամ Միրաքյանը: Նրա հրավերով պարոն Հովհաննիսյանը մասնակցեց «Տնտեսությունը պատերազմի պայմաններում» թեմայով քննարկմանը, որը ուղիղ հեռարձակմամբ էր:

«Պատերազմի այս փուլում, երբ որ աչքի ընկնող հարձակվողական առանձին գործողություններ դեռ մենք չենք իրականացրել, մի քիչ դժվար է մարդկանց ասել՝ մենք վստահ ենք, որ հաղթելու ենք, որովհետեւ գնում ենք ազատագրենք հերթական գյուղը, երեկ ազատագրեցինք նախորդը, վաղը՝ մյուսն ենք ազատագրելու: Բայց ռացիոնալ մտածելու պարագայում այնքան դժվար չի հասկանալ մի հասարակ բան, որ թշնամին, վստահաբար այսքան մեծ ներուժով՝ թուրքական, ահաբեկչական, վարձկաններ, ահռելի տեխնիկական առավելություն, սարսափելի օդային գերակայություն եւ այլն, չէր ծրագրել քառասուն օր կռվել եւ ինչ-որ դաշտավայրում, այն էլ ոչ ամբողջական Արաքսի հովիտը միայն «ազատագրել»: Անտառային տարածքներում էլ այս գյուղից այն գյուղը թռնեն, օրական կորուստներ կրեն ու չկարողանան հաջողությունների հասնել, Շուշիի մասին մնան երազանքներով, ամեն օր գրելով, որ Շուշին վերցրել են, բայց չստացվի»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այն արդյունքն ինչ-որ արձանագրել ենք կամ այն տեղերից, որտեղից նահանջել ենք, կարող ենք վստահաբար ասել, որ Ադրբեջանի գլխավոր շտաբի կամ ասենք ՝ Թուրքիայի գլխավոր շտաբի ծրագրերում դա չէր նախատեսվում եւ ասենք՝ 40-րդ օրը. «Ես լիովին վստահ եմ, դրա համար կան նաեւ հետախուզական տվյալներ եւ կա ռազմական լոգիկա, որը գալիս է ռազմագիտական գիտելիքների փորձից: Պատերազմը պլանավորված էր ռեալ մեկ-երկու օպերացիայի շրջանակներում, որը տեւում է 15-20 օր եւ, եթե նույնիսկ, Հայաստանի հարավային հատվածները չունեին իրենց ծրագրերում՝ ինչ-ինչ պատճառներով, ապա, Արցախն ամբողջովին վերցնելու ծրագիր ունեին: Միլիոն գործոն հաշվարկված էր՝ Կարսի պայմանագիր, ԱՄՆ-ի ընտրությունները, եղանակային պայմաններ եւ այլն:

Հիմա սա տեղի չի ունեցել: Ոչ միայն տեղի չի ունեցել, այլ Ադրբեջանի ռազմական պոտենցիալի առնվազն ցամաքային բաղադրիչը շնչահեղձ է եղել, փորձում է առանձին խմբերով շարունակել առանձին խայթոցները, ճանկռտող մարտավարություն օգտագործել եւ առանձին տարածքներում առաջ գալ, բայց այստեղ էլ ինչպես մենք տեսնում ենք, վերջին երեք-չորս օրն էլ ռեալ հաջողություն չունեն: Մտնում են մի ուրիշ տեղ՝ նրանց դուրս են շպրտում, այսինքն՝ կոնկրետ ռեալ ձեռքբերում չկա: Ադրբեջանական սոցհարթակում արդեն խոսակցություններ են սկսվել, Ալիեւին են քննադատում ասելով՝ հերիք է Զանգելանի եւ Ջեբրայիլի ազատագրված տարածքների գյուղերի ցուցակը 3-րդ 4-րդ անգամ կրկնեք, արդեն հոգնել ենք: Գրում են՝ ինչո՞ւ ազատագրված չի Քարվաճառը, Մարտունին, Շուշին: Այս ամեն ինչը արդեն իսկ մեր հաղթանակն է: Կիրառել մարտավարություն, որ հյուծել թշնամուն, թեկուզ որոշ տեղերում նահանջելով, դա փոքր բան չէ»:

Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, հիմա երկու պետություններն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, փորձելու են իրենց ամբողջ ռազմական մեքենան արագի մեջ վերազինել եւ վերապատրաստել. «Օր օրի մեր պետությունն ավելի շատ է ուշքի գալիս: Մասնավորի ներդրումն էլ ավելի արդյունավետ է դառնում եւ պետությունն էլ սկսում է ավելի արդյունավետ մենեջմենթ անել»:

Վահրամ Միրաքյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ գնումներ անելիս բանակը շեշտադրում չի անում տեղական արտադրողների վրա, ինչո՞ւ նրանց չի տրվում առավելություն:

Ի պատասխան, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հարցը մասնագիտական է, սակայն որքան ինքն է տեղյակ, տեղական արտադրողը գնային առումով չի կարողանում մրցակցել չինական, ռուսական ընկերության արտադրանքի հետ եւ ավելի թանկ գին է սահմանում, իսկ գնումների մասին օրենքով պետությունն իրավունք չունի գնի ավելի բարձր գին առաջարկողի ապրանքը՝ որքան էլ այն ավելի որակյալ լինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30