Լրահոս
Օրվա լրահոսը

20-30 հազար դոլարից ոչ պակաս․ արտագնա աշխատանքի մեկնած Ազատանի բնակիչները մեծ գումարներ են փոխանցում հայրենիքին

Նոյեմբեր 03,2020 22:10

Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արտերկրում գտնվող, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած ազատանցիները ոչ միայն մեծ գումարներ են փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այլ  նրանցից ոմանք այս օրերին վերադարձել են հայրենիք ու մեկնել ռազմաճակատ։ Գյուղի 5800 բնակչից մոտ 1000-ը արտագնա աշխատանքի մեջ է։

«Պատերազմի սկզբի օրերին չէին կողմնորոշվում, հարցնում էին՝ կոնկրետ ինչ է պետք, փող ուղարկե՞նք, թե ինչ-որ բան գնենք, ուղարկե՞նք, համավարակի հետ կապված ճանապարհների խնդիր կար։ Մենք ոչ միայն  Ռուսաստանի Դաշնությունում, այլ Եվրոպայում ու ԱՄՆ-ում բնակվող ազատանցիներին հորդորեցինք գումարը փոխանցել հիմանդրամին։ Տա Աստված այս ամենը շուտ ավարտվի, կարողանանք Արցախը շենացնել, և զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել, կարողանանք այս վերքը բուժել, պատերազմը չարիք է, և՛ տանում է մարդկային կյանքեր, և՛ տնտեսությունն է քայքայում։

Դրսում ապրող շատ ընտանիքիներ ֆինանսական մեծ հանգանակություններ կատարելուց բացի, մեծ ակտիվություն են ցուցաբերել նաև ցույցերին մասնակցելով, աշխարհին պահանջներ ներկայացնելով, գիտենք մարդկանց, որոնք հետ են վերադարձել, որպեսզի գնան ռազմաճակատ, ֆիզիկապես մասնակցեն այս ամենին»,-ասաց Վարդան Իկլիկյանը։

Նա նաև փաստեց, որ Ազատանից ռազմաճակատ մեկնածների թիվը մեծ է, այս գյուղն ունի սպաներ, մեծ թվով  ժամկետային զինծառայողներ ու կամավորականներ, ռազմաճակատ մեկնելու պատրաստ բեռնատար մեքենաների սեփականատերեր․ նրանք ամեն վայրկյան սպասում են հրահանգի։

Վարդան Իկիլիկյանն ասաց, որ օրինակ՝ Յակուտիայի ամենախոշոր գործատուն՝ Սոս Վարժապետյանը, որն իր դասընկերն է, պատերազմի առաջին օրերին ուղիղ 30 հազար դոլար է հավաքագրել ու  ուղարկել հիմնադրամին, պատրաստվում է նոր հանգանակության։ Իսկ Սոս Դանիելյանը, որը  բրիգադ ունի Վլադիվոստոկում և որտեղ մեծ թվով ազատանցիներ են ապրում, 20 հազար դոլար է հավաքել ու ուղարկել, որպեսզի սնունդ գնեն Հայաստանում ժամանակավորապես հյուրընկալված արցախցի  ընտանիքների համար։

«Մեր գյուղից ներկայացուցիչներ ունենք Կազանում, Մոսկվայում, Ֆրանսիայի քաղաքներում, ԱՄՆ-ում, ամեն մեկն իր կարողությունների չափով մասնակցել  ու մասնակցում է, մեծ գումարներ են ուղարկում։ Նրանց ուշքումիտքը հայրենիքն է, իրենց ընտանիքների, հարազատների մի մասն Հայաստանում է, նրանք էլ փորձում են  իրենց մասնակցությունը բերել հայրենիքի հաղթանակին,վերքերը բուժելու գործում»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30