Գարեգին Մարտիրոսյանը արդեն 20 տարի է՝ բնակվում է Եվրոպայում։
Պատերազմի լուրը ստանալուն պես առաջին ինքնաթիռով՝ սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայից ժամանել է Երևան և սեպտեմբերի 29-ին մեկնել է ռազմաճակատ։
«Որոշում չկար կայացնելու։ Նպատակն էր գալ իմ հայրենիքը պաշտպանել, իմ եղբայրների կողքին լինեմ։ Այս հողը … ես այստեղ ծնվել եմ, մեծացել եմ, սնվել եմ։ Սա իմ հողն է, այստեղ ուրիշ ձև չկա։ Ոնց որ քո մամային կպաշտպանես, այդպես էլ մեր մաման է այս երկիրը, պետք է պաշտպանենք, մինչև վերջ պետք է պաշտպանենք։ Ուրիշ ձև չունենք»,- պատմում է Գարեգինը։
Սկզբից միացել է այլ ջոկատի, հետո գնացել է հանգստանալու և անմիջապես միացել է «Կարմիր բերետներ» ջոկատին․ «Ջոկատի մասին շատ շուտվանից գիտեի, ջոկատի տղաները մեր քաղաքից են եղել շատերը՝ Էջմիածնից, Զվարթնոցից։ Առաջին պատերազմում իրենք մասնակցել են, մինչև այսօր կան։ Մեր երիտասարդներին շատ բան են սովորեցնում»։
Կարդացեք նաև
Գարեգինը կարևորում է այն հանգամանքը, որ մինչև առաջնագիծ գնալը կամավորները պատրաստվում են․ «Շատ լավ հրահանգիչներ կան այստեղ, ամեն ինչով օգնում են՝ հոգեպես, ֆիզիկապես։ Ամեն ինչ նորմալ է։ Հայն էլ ի ծնե ունի այդ «դուխը», ամեն ինչ էլ ունի։ Այնպես, որ մի քիչ էլ հրահանգիչներն են աշխատում։ Այնպես, որ ամեն ինչ լավ է այստեղ»։
Իսկ հրամանատարական կազմը, ըստ նրա, մեծ փորձ ունի և կանգնած է կամավորների կողքին ամեն հարցում․ «Երիտասարդները շատ «դուխով» են։ Փորձն էլ մնում է փորձ՝ մարտավարությունը, տեխնիկան միշտ մնում է՝ կապ չունի, թե ինչ ձևի պատերազմ է։ Դա էլ մեր սպայական կազմը փոխանցում է տղաներին։ Իսկ մնացածը ունեն տղերքը, «դուխ»-ը ունեն տղերքը։ Իսկ փորձը փոխանցում է, ու շատ լավ»։
Պատերազմից հետո Գարեգինը պատրաստվում է վերադառնալ Ֆրանսիա, բայց պլանավորում է ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան․ «Ուզում եմ գալ իմ երկիրը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ