Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավոր․ «Այս պատերազմը չի վերջանալու, տղե՛րք, մինչև մեր հաղթանակը չնշվի»

Նոյեմբեր 03,2020 20:03

Հարություն Տիգրանյանը կամավոր է։ Նա Արցախ մեկնել է պատերազմի հենց առաջին օրերից։

«Ներքուստ միշտ էլ պատրաստ եմ եղել, միշտ իմացել եմ, որ այս ամենը լինելու է։ Ամսի 27-ին է սկսվել, մինչև կողմնորոշվել եմ, որ կետից սկսեմ ամսի 29-ին Երևանից շարժվել եմ դեպի Ղարաբաղ՝ մեծ հաշվով՝ ինքնակամ։ Զինկոմիսարիատի հետ համագործակցությունը չստացվեց, պետք է սպասեի մի քանի օր, չուզեցի սպասել։ Ես ինքս հասել եմ այստեղ»,- պատմում է Հարությունը։

Սկզբում այլ ջոկատի կազմում էր, այնուհետև դիմել է Արթուր Ալեքսանյանի «Կարմիր բերետներ» ջոկատին և տեղափոխվել այնտեղ․ «Շատ գոհ եմ հրամանատարական կազմից, շատ կազմակերպված՝ ամեն հարցում, ոչ մի բանի կարիք չունենք։ Ամենակարևորը՝ մարտական ոգին բոլորիս բարձր է։ Խորհուրդ կտամ մեր միջին տարիքի արական սեռի ներկայացուցիչներին, որոնք գտնվում են Երևանում կամ այլ մարզերում ինքնակազմավորվել, ինքնակազմակերպվել, մեկնել ճակատ։ Հույսներդ մի՛ դրեք ո՛չ զինկոմիսարիատի վրա, ո՛չ հարևան պետության վրա։ Ամեն մեկդ հույսդ դրեք ձեր վրա։ Ով, ինչ կխոսի, ով, ինչ կասի, ինչ-որ պանիկաներ են տարածում, չգիտեմ՝ ինչեր են պատմում՝ տարածք ենք տվել, կորուստներ ենք տվել․ պատերազմ է, հաղթանակ էլ կա, դժվարություն էլ կա, կորուստներ էլ կա։ Ամեն ինչ վերջում է որոշվում, ու վերջը պայծառ է լինելու։ Մենակ խնդրում ենք, որ չհիասթափվեք, համախմբվեք, եկեք, թև թիկունքի տանք, մեր երկիրը պետք է պահենք։ Ո՛չ բարոյական, ո՛չ էլ ուրիշ իմաստով մենք պարտվելու իրավունք չունենք։ Մենք չենք պարտվելու։ Մեր ազգաբնակչությանը, մեր մայրերին, քույրերին, հարազատներին էլ՝ հույս, հավատ, սեր, համբերություն, դուխով․ ամեն ինչ լավ է լինելու։ Սպայական անձնակազմի որոշ հատվածներին խորհուրդ կտամ, եթե ձեր մասնագիտական հնարավորությունները չի ներում՝ Թադևոսյանի (գնդապետ Միշա Թադևոսյան խմբ․),  Ալեքսանյանի (գնդապետ Արթուր Ալեքսանյան՝ Ամարասի Արթուր խմբ․), Ավետիսյանի (գնդապետ Վոլոդյա Ավետիսյան խմբ․) … անունները չեմ տալիս, դուք լավ գիտեք, այդ մարդկանցից սովորեք, տեր կանգնե՛ք ձեր երկրին, ձեր զորքին։ Պետք չէ խուճապի մատնվել, պետք չէ հարցին մատների արանքով նայել։ Ամեն ինչ լավ ա լինելու»։

Հրամանատարական կազմին միշտ էլ ճանաչել է՝ իմացել է նրանց անցած ճանապարհը, և այժմ աչքով է տեսնում․ «Ծնողի նման, ախպոր նման, ընկերոջ նման հոգատար, թև թիկունքի, հուսալի, բանիմաց, գործից հասկացող, ազգասեր, ազգի նվիրյալներ են իրենք»։

Հարությունը կարծում է, որ այս պատերազմը նախադեպը չունեցող պատերազմ է իր ծավալներով և իր տեսակով․ «Այսօր մենք չենք կռվում Ադրբեջանի դեմ․ կռվում ենք Թուրքիայի դեմ՝ 80 միլիոն և ավելի բնակչություն ունեցող զարգացած պետություն, որ այսօր գերտերություններից մեկն է աշխարհում։ Բայց դա էլ ոչինչ չի նշանակում։ Վերջիվերջո, մի երկու զենք ավել ունեն, մի զենք պակաս ունեն, մենք էլ խելք ու դուխ ունենք, կարողանում ենք ճիշտ կազմակերպվել, ճիշտ կողմնորոշվել, ճիշտ գործել, զենքը տեղին օգտագործել։ Ու ամենակարևորը՝ մեր պայքարն արդար է, աստված մեր հետ է, մենք քրիստոնյա ենք, դա էլ մեծ նշանակություն ունի։ Մենք գիտենք՝ ինչի համար ենք կռվում, ինչ ենք անում ու ինչ է լինելու։ Այստեղ նյութական, անձնական ֆինանսական ոչ մի բան չկա։ Դրա համար մեր հաղթանակը անխուսափելի է լինելու»։

Նա վստահ է, որ եթե պատերազմը այս վիճակով ավարտվի, ավելի դաժան իրավիճակի առաջ է Հայաստանը կանգնելու․ «Այս պատերազմը չի վերջանալու, տղե՛րք, մինչև մեր հաղթանակը չնշվի։ Ու պատերազմի լինել, չլինել, վերջանալ, ընթացք, դրանք որոշում ենք մենք՝ սահմանին կանգնած տղերքը։ Դրվագներ կան, որ անգամ մեր հարգարժան վերին հրամանատարությունը չի որոշում, մենք ենք որոշում ելքը։ Թև թիկունքի պետք է լինենք, այս ամենին բարոյական հաղթանակ տանենք, տարածքային հաղթանակ տանենք, տանենք մի հաղթանակ, որ աշխարհը մատով ցույց տա մեզ, ու հասկանա, որ մեզ հետ կատակել չի կարելի։ Ու ոչ մեկ թո՛ղ չկասկածի, հաղթանակը լինելու է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30