Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքում այսօր հյուրընկալվել էին արցախցի մի խումբ երեխաներ, ովքեր Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում:
Երևանի մետրոպոլիտենի, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և «Սաֆիան» ընկերության համագործակցության արդյունքում արցախցի երեխաների համար ժամանցային միջոցառում էր կազմակերպվել:
Թատրոնի դերասանների մասնակցությամբ բեմադրվել էր մանկական գեղեցիկ ներկայացումներից մեկը՝ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը»։
Ներկայացումը դիտելուց հետո երեխաները ծանոթացել են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հիմնադրման ու զարգացման պատմությունը։
Կարդացեք նաև
Ճանաչողական շրջայց կատարելով մետրոպոլիտենի կայարաններում՝ արցախցի երեխաները գոտեպնդող նամակներ են գրել իրենց եղբայրներին, հայրերին, հորեղբայրներին և մորեղբայրներին՝ գցելով մետրոպելիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանում տեղադրված «նամակ զինվորին» արկղի մեջ, որոնք էլ ուղարկվելու են առաջնագիծ։
Երեխաները տպավորված էին թե ներկայացումից, թե ստացած նվերներից և թե ճանաչողական շրջայցից, այդուհանդերձ, խոստովանում էին, որ այս օրերին իրենց ամենանվիրական երազանքը՝ խաղաղության հաստատումն է ու վերադարձը հայրենիք։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ