Բնապահպան Ինգա Զառաֆյանի կարծիքով, Ադրբեջանը պատահական չէ հրթիռակոծում Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը։ Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ տիկին Զառաֆյանն ասաց, որ Դավիթ Բեկ գյուղում կա մեծ ջրամբար, որը սնում է ամբողջ մարզը․ «Պատահակա՞ն է խփում այդ գյուղին։ Չեմ կարծում»։
Բնապահպանը հիշեցրեց՝ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե իր ջրամբարները վտանգի տակ են․«Իսկ մեր ջրամբարները վտանգի տակ չե՞ն։ Արդեն քանի անգամ հարձակվեցին Արծվանիկ գյուղի վրա, որտեղ Հայաստանի ամենամեծ պոչամբարն է՝ իր թունավոր պոչանքներով եւ թափոններով։ Իսկ եթե այս պոչամբարը վնասվի՞։ Թեղուտի պոչամբարը, որը սահմանին մոտ է եւ կրկին բարձր տեղանքում է, էլ չեմ ասում փոքր ջրամբարների մասին։ Ադրբեջանն անընդհատ խոսում է իր ռիսկերի մասին, իսկ մենք մեր վտանգների մասին մտածո՞ւմ ենք»։
Տիկին Զառաֆյանի կարծիքով՝ ռազմական գործողությունների ժամանակ շրջակա միջավայրը լրջորեն վնասվում է, եւ այնպես չէ, որ ինչ-որ մի բան անվնաս է մնում, վնասվում են հողը, ջուրը, անտառները․ «Վերջին հաղորդագրության համաձայն, 1816 հեկտար անտառ է վնասվել, ո՞նց ենք վերականգնելու, ո՞վ պետք է աջակցի դրանք վերականգնելու համար։ Այդ անտառները միայն Արցախինը չեն, դա գլոբալ դեր ունի՝ կլիմայի փոփոխության համատեքստում պաշտպանիչ դեր ունի։ Զինամթերք է մնացել մեծ տարածքով հողերի մեջ, դրանք թունավորված են արդեն»։
Բնապահպանն ասաց, որ պետք է աշխատել միջազգային կառույցների հետ, որոնք հետագայում աջակցեն շրջակա միջավայրի վնասները վերացնելու համար։ Նա օրինակ բերեց նախկին Հարավսլավիան․ «Այս երկրի համար ՄԱԿ-ը միջոցառումների մեծ փաթեթ ընդունեց՝ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ։ Մեզ ո՞վ պետք է օգնի։
Կարդացեք նաև
Մենք պետք է շուտափույթ վերանայենք մեր հարաբերությունները միջազգային կառույցների հետ, միջազգային հանրության միջոցով այդ կառույցներին դիմենք, որպեսզի բոլորը հասկանան, սա միայն Արցախի խնդիրը չէ, սա գլոբալ խնդիր է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ