Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ հիմքեր կան ֆոսֆորային զենքի կիրառման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու

Նոյեմբեր 03,2020 15:30

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերի քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զենքի կիրառումը միայն էկոցիդ չէ, այն նաեւ գենոցիդի փորձ է։ Այս կարծիքին բնապահպան- իրավաբան Նազելի Վարդանյանը։

Այսօր «Մեդիա կենտրոնում» տիկին Վարդանյանն ասաց՝ համադրելով այս զենքի կիրառումն ու Ադրբեջանի ղեկավարության եւ հասարակական գործիչների հայտարարությունները՝ պետք է բոլոր հայերին բնաջնջել, նշանակում է, որ սա հերթական գենոցիդի փորձն է։

«Ստոկհոլմյան հռչակագրում՝ մարդու շրջակա միջավայրի մասին ստորագրված 1972 թվականին, նշվում է, որ բոլոր երկրները եկել են համաձայնության, որ մարդիկ ունեն ազատության, հավասարության եւ որակյալ շրջակա միջավայրում բարենպաստ կյանքի հիմնարար իրավունք, իսկ այս գործողությունները խախտում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքը, եւ բոլոր երկրներն ունեն առաջնային պատասխանատվություն՝ պաշտպանելու, բարելավելու մարդու շրջակա միջավայրն՝ ի շահ ներկա եւ ապագա սերունդների»,-ասաց տիկին Վարդանյանը։

Բացի այդ, նույն հռչակագրով սահմանվել են 26 սկզբունքներ, որոնցից մեկը, ինչպես ներկայացրեց բնապահպան-իրավաբանը, վերաբերվում է կոնկրետ միջուկային եւ զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման անթույլատրելիությանը, որը կարող է շրջակա միջավայրի եւ մարդու առողջությանը վնաս պատճառի․ «Այս զենքի օգտագործումը, լինի ֆոսֆորային, թե ջերմային այլ զենքեր, որոնք զանգվածային ոչնչացման նպատակ ունեն, ոչ միայն ոչնչացնում են անտառները, այլ ոչնչացնում են Արցախի բնակչության կենսական միջավայրը, եւ դրանով զրկում են մարդուն կյանքի իրավունքից եւ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքից, ապագա սերունդները եւս զրկում են այդ իրավունքից»։

Նազելի Վարդանյանի ներկայացմամբ՝ հռչակագրում գրված է, որ բոլոր պետությունները պետք է պահպանեն կանոնները եւ պատասխանատվություն են կրում օգնելու, միջոցներ ձեռնարկելու՝ տուժած երկրների վնասի փոխհատուցման։ «Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, այսինքն` ճանաչված պետություն չէ, բայց բոլոր հիմնարար իրավունքներն ու պարտականությունները տարածվում են անխտիր բոլոր երկրների վրա։ Ժնեւյան կոնվենցիայով արգելում է նման զենքի կիրառումը, եւ նույն կոնվենցիայով պետությունները համաձայնվում են, որ արգելվի նման զենքի օգտագործումը, որը ներգործություն կունենա թշնամական նպատակով շրջակա միջավայրի վրա։ Այս սկզբունքներից ելնելով, պետք է միջազգային հանրությունը դատապարտի, եւ ինչու ոչ, նաեւ վնասի հատուցում նախատեսի բնակավայրերը վերականգնելու համար։ Նույն կոնվենցիայով նախատեսվում է, որ երկրները կարող են դիմել անվտանգության խորհուրդ, մասնագետների եզրակացության հիման վրա խորհուրդը որոշում է կայացնում։ Այս հիմքով է պետք դիմել անվտանգության խորհրդին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30