Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կան որոշակի մշակումներ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Արդեն կան բավականին կոնկրետ մշակումներ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում), որոնք կատարվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Հիմա քննարկվում են հենց դրանք», – ասել է Ռուդենկոն և հավելել, որ Մոսկվան կողմ է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը: «Մենք միանշանակ առաջնորդվում ենք նրանով, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում․ պետք է լինի քաղաքական, համապարփակ լուծում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը», – նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նա նաեւ կարծում է, որ դեռ վաղ է խոսել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին:
«Մենք բանակցություններ ենք վարում փորձագիտական մակարդակում, առաջին հերթին` Մինսկի խմբի շրջանակներում, այլ բանի մասին խոսել դեռ վաղ է», – հավելել է Ռուդենկոն։
Կարդացեք նաև
Փոխնախարարի խոսքով՝ Մոսկվան ընդհանուր առմամբ «նախընտրում է շահարկումներ չանել Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում»:
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ