Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք վհատված եւ հուսալքված կանայք չենք, հավատում ենք, որ հաղթելու ենք». «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամներ

Նոյեմբեր 03,2020 14:26

«Երբ գալիս էի այստեղ՝ որդիս ասաց, մամ մի գնա, մի ցածրացիր, իրենք ազատ չեն: Ես երեխաներին ռուսաց լեզու եմ սովորեցնում, իմ աշակերտները հարցնում են՝ ե՞րբ ենք տուն վերադառնալու: Ես չգիտեմ, թե ի՞նչ պատասխանեմ: Ես խնդրում եմ՝ ասացեք՝ ես ի՞նչ պատասխանեմ արցախցի երեխաներին, ե՞րբ են տուն վերադառնալու: Խնդրում եմ, պաշտպանեք արցախցի երեխաներին, կանգնեցրեք պատերազմը»,- այսօր ՌԴ դեսպանատան մոտ անցկացված «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամների ցույցի ժամանակ իր ելույթում՝ դիմելով Հայաստանում ՌԴ դեսպանին, ասաց արցախցի ռուսաց լեզվի ուսուցչուհին՝ Քրիստինեն:

Ցույցի մասնակիցները հավաստիացրին, որ բարձր են գնահատում, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրի՝ ՌԴ-ի գործադրած ջանքերը՝ խաղաղության հաստատման գործում՝ հավելելով. «Մենք մեր երկրում ուզում ենք ապրել հարատեւ խաղաղությամբ, ազատ եւ անկախ»:

Ցույցի մասնակից տիկին Ադելինան 9 շաբաթ պատսպարվել է նկուղում, նրա 18-ամյա որդին վիրավորվել է պատերազմի 13-րդ օրը, փրկելով իր հրամանատարի կյանքը: Մյուս որդին ու գնդապետ ամուսինը՝ արդեն 38 օր առաջնագծում են եւ մասնակցում են վերջը չերևացող մարտական գործողություններին: «Նայեք յուրաքանչյուր մոր աչքերի մեջ: Աշխարհ արթնացիր: Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ աշխարհը արթնանա, բացի աչքերը: Մեր փոքրիկ պետությունը, մեր երեխաները, որ պայքարում են մեր եւ մեր պետության ամեն մի թիզ հողի համար, կանգնելու են մինչեւ վերջ: Մեր երեխաներն անում են անհնարինը եւ մենք շատ մեծ հույսեր ենք կապում աշխարհի օգնության հետ»,- ասաց տիկին Ադան:

Արցախցի կանայք ներկայացրին իրենց պապերի պատմությունները, որոնք մասնակցել են Մեծ հայրենականին եւ հաղթել, իրենց հայրերի պատմությունը, որոնք 1990-ականներին հաղթել են պարտադրված պատերազմում, վստահություն հայտնեցին, որ իրենց ամուսինները, եղբայրներն ու որդիներն էլ են հաղթելու, որ այսօր են կռիվ տալիս միջազգային ահաբեկչության դեմ՝ հորդորելով աշխարհին, սատար լինել այս պայքարում, որպեսզի նոր Հիտլերին ավելի արագ հաղթենք: Հորդորեցին՝ տեսնել, թե ի՞նչ է կատարվում Եվրոպայում եւ հասկանալ, որ դա արդյունք է իրենց՝ արցախցիներին չսատարելու:

Ողջ ընթացքում հնչում էին «Ազատություն Արցախին» վանկարկումներ:

Արցախցի կանայք նաեւ ասում են. «Մենք վհատված եւ հուսալքված կանայք չենք, մենք հավատում ենք, որ հաղթելու ենք եւ հավատում ենք, որ աշխարհն աջակցելու է մեզ»:

Ցույցի մասնակիցները նամակ-դիմում փոխանցեցին ՌԴ դեսպանատուն: Ցույցն ավարտվեց: Հետագա գործողությունների մասին՝ կտեղեկացնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30