Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում վստահաբար գնաճ չի լինի». Տիգրան Խաչատրյան

Նոյեմբեր 03,2020 14:08

«Եթե ռազմական դրությունը առանձնահատուկ է մեր տնտեսությանը, համավարակը ամբողջ աշխարհն է պատել եւ նույնիսկ աշխարհում հնարավոր չէ պատասխան գտնել, թե ինչպիսի վերջնական ազդեցություն դա կթողնի տնտեսությունների վրա: Դրա համար մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր պահին, երբ դա էական է դառնում, կանգ ենք առնում ու վերագնահատում ենք մեր նախկինում տրված գնահատականները: Այս պահին մեր գնահատականն այդպիսին է, որ տարին կավարտենք մոտ 6 տոկոս ավելի ցածր ցուցանիշով 2019-ի համեմատությամբ, բայց եկող տարի կունենանք մոտ 5 տոկոսի ձգտող վերականգնում, աճ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հարցին՝ 2021-ի հունվարից թուրքական ապրանքների ներմուծման վրա արգելք կդրվի, տնտեսվարողներին ի՞նչ այլընտրանք է առաջարկվելու՝ նախարարը պատասխանեց, որ այս որոշումը միայն վերջնական սպառման ապրանքներին է վերաբերում, այսինքն, այն ապրանքատեսակների դեպքում, որոնք որեւէ արտադրողի կողմից օգտագործվում են իր ապրանքնի արտադրման համար, սահմանափակումներ չեն լինի: Իսկ Թուրքիայից ներմուծման փոխարեն առաջարկվում է ներմուծում անել ՌԴ-ից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից. «Տնտեսվարողը, հաշվի առնելով այն այլընտրանքային հնարավորությունները, որոնք կան՝ պետք է գործի»:

Նախարարն ասաց, որ չի կարծում, թե գնաճ կլինի դրա արդյունքում, շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների նկատմամբ է սահմանափակումը. «Որեւէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն գերակշիռ նշանակություն, հետեւաբար, վստահաբար, գնաճ չի լինի: Ներմուծումը կլրացվի այլ շուկաներից, օրինակ, թուրքական հեռուստացույցների փոխարեն մալազիական արտադրության կարող է ներկրվել: Չեմ կարծում, որ մեր կյանքում որեւէ բան տեղի կունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30