Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարգեւավճարների վրա այդքան կենտրոնանալը, եթե նպատակ են հետապնդում վերացնել պարգեւավճարները, ապա դրանք ոչ մի տեղ չտանող ճանապարհ են». ՊԵԿ նախագահ

Նոյեմբեր 03,2020 13:49

2021-ին կանխատեսվում է 4,8 տոկոս աճ: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե դա ինչքանո՞վ է իրական՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք կան՝ պատասխանեց. «Անորոշությունը բավականին մեծ է: Դրանք պայմանավորված են նախ համավարակի հետագա զարգացման տեմպերից, պատերազմական գործողություններից: Ընդհանուր առմամբ, դրանք կանխատեսումներ են, ժամանակը ցույց կտա»:

Հարցին՝ այս օրերին, երբ Թուրքիայից ներմուծվող ապրանքների վրա արգելք է դրվում, դա հարկային եկամուտների վրա չի՞ ազդի՝ ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Այո,կառավարության կողմից ընդունված որոշմամբ, 2021-ի հունվարի 1-ից կառավարության որոշման կից ցանկով նախատեսված ապրանքների ներմուծումը ժամանակավոր՝ 6 ամիս ժամանակով արգելված է: Սրա արդյունքում մենք սկզբնական ժամանակում կունենանք հարկային եկամուտների եւ մաքսային վճարների որոշակի նվազեցումներ, սակայն հեռահար պլանավորման տեսանկյունից մենք վստահ ենք, որ մեր տնտեսվարողները կարող են եւ կձեռնարկեն համապատասխան գործողություններ, աշխատանքներ, միջոցառումներ, որպեսզի բիզնեսը հարմարվի եւ նմանատիպ ապրանքներ հնարավորություն ունենա այլ երկրներից ներմուծելու, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրներից եւ այդ բացասական ազդեցությունը հնարավորինս կարճ ժամանակահատվածում կվերականգնվի, իսկ կարճաժամկետ առումով բացասական սպասումներ, այո, մեզ մոտ կլինեն»:

Հարցին՝ քանի՞ տնտեսվարողներ կան այդ ապրանքները ներմուծող եւ ի՞նչ են ներմուծում՝ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ներմուծում են շատ խառը ապրանքներ, ամենամեծ տոկոսը Թուրքիայից ներմուծվող հագուստին է վերաբերում եւ սարքավորումներին: Այս պահին տնտեսվարողների քանակ կդժվարանամ ասել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ 2021-ի բյուջեով ՊԵԿ-ի պարգեւավճարները ինչքա՞ն են հասել՝ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարգեւավճարների վրա այդքան կենտրոնանալը եւ իմ կարծիքով այդ հարցադրումները, եթե նպատակ են հետապնդում վերացնել պարգեւավճարները, ապա դրանք ոչ մի տեղ չտանող ճանապարհ են: Դրա մասին բազմաթիվ անգամ եւ նորից եմ կրկնում՝ մեկնաբանություններ եղել են, դրանք այս պահին համարժեք վարձատրության ապահովմանն ուղղված միջոցներ են եւ պարգեւավճարները պետք է լինեն»:

Դիտարկմանը, որ հանրային պահանջ կա, որ այս օրերին բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարգեւավճարները փոխանցեն կամ զինվորի հիմնադրամին, կամ Համահայկական հիմնադրամին՝ ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Պատերազմական գործողությունների հենց առաջին օրերից ՊԵԿ աշխատակիցներն այս մասով շատ ակտիվ են եղել, բազմաթիվ անգամ գումարներ են հավաքագրվել եւ փոխանցվել «Հայաստան համահայկական հիմնադրամին» եւ Զինվորների ապահովագրության հիմնադրամին: Այս պահին ընդհանուր առմամբ մոտ 530 մլն դրամ է արդեն փոխանցվել ու բոլորը մասնակցություն են ունեցել այս գործընթացին: Այդ գումարները, բնականաբար, հավաքել են իրենց ստացած եկամուտներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30