Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի հետևանքով զոհվեցին նաև ապագա բժիշկներ. մերօրյա հերոսները. Ռուստամ Գալստյան

Նոյեմբեր 03,2020 13:45

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Մերօրյա հերոսները. Ռուստամ Գալստյան․․․

Դժվար է այս պայծառ տղայի մասին խոսել անցյալ ժամանակով…

Սեպտեմբերի 27-ին սկսված և արդեն ավելի քան մեկ ամիս տևողությամբ պատերազմի հետևանքով, ցավոք, զոհվեցին նաև ապագա բժիշկներ: Նրանց մի մասը զինվորական ծառայություն էր անցնում, մի մասն էլ ինքնակամ է մեկնել առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու համար:

Ռուստամ Գալստյանը մեկն է այն հերոսներից, ով հայրենիքի պաշտպանության գործում կյանքը չխնայեց: Ռուստամ Գալստյանը ծնվել է 2001 թվականին Ջերմուկում։ 2 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Երևան։

Սովորել է Երևանի թիվ 142 ավագ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է «Քվանտ» վարժարանում: Կրթական այս հաստատությունը նրան լավագույն շրջանավարտներից է համարում: ԵՊԲՀ ուսանողը հետաքրքիր նախասիրություններ ուներ: Վաղ տարիքից սկսել է զբաղվել բիթբոքսով և այդ ասպարեզում գրանցել է լուրջ հաղթանակներ։ 2016 թվականին կայացած Հայաստանի բիթբոքսի առաջնությունում գրավել է 2-րդ պատվավոր հորիզոնականը, իսկ 2018-ին՝ 3-րդ։

Ստոմատոլոգիական ֆակուլտետում մեկ տարի սովորելուց հետո Ռուստամ Գալստյանը զորակոչվել է բանակ:
«Յուրաքանչյուր զինվորի, երիտասարդի կորուստը ցավ է բոլորիս համար: Խորապես ցավում եմ և ցավակցում եմ նրանց ընտանիքներին և հարազատներին»,- ասում է Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը:

Նա անհատապես ճանաչել է հանուն հայրենիքի կյանքը զոհած բոլոր սովորողներին:
Նշում է, որ շատ դժվար է այս լուսավոր երիտասարդների մասին խոսել անցյալ ժամանակով…

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Անուշիկ Գասպարյանի խոսքով՝ Ռուստամի մասին կարելի է անվերջ խոսել: «Նա մեր խմբի ուրախությունն էր, եզակի անհատականություն: Միասին ավարտել ենք Ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսը: Նրա ծառայությունը վեց ամսով հետաձգվել էր. բանակ է գնացել առաջին կուրսն ավարտելուց հետո»,- պատմում է համակուրսեցին՝ ավելացնելով, որ զինվորական ծառայության մասին խոսելիս երիտասարդ մարտիկը հպարտությամբ ասել է, որ բանակ է գնալու և վերադառնալու է, իսկ կուրսընկերները չեն էլ հասցնի կարոտել իրեն: «Ցավոք գնաց ու հավերժ զինվոր մնաց»,- ասում է կուրսընկերուհին:

Ընկերոջ մասին խոսելը հեշտ չէ, բայց չի կարող չնշել, որ Ռուստամն իր դրական էներգետիկան է փոխանցել բոլորին: Միշտ լավ տրամադրությամբ է հաղորդակցվել մարդկանց հետ, սիրել է կատակել:

Ռուստամը նվիրված ընկեր էր և ծնողասեր զավակ, նրան հիշելու են միայն լավ ու դրական հիշողություններով:

«Ռուստամս գնաց ու Զինվոր դարձավ
Ուրախ ու զվարթ օրերը անցան,
Սիրտը բարի էր, աչքերը ժպտուն
Տվեց իր կյանքը, անե՛ծք թշնամուն:
Աստված եղբորս լույսի մեջ պահի՛ր,
Միայն խնդրում եմ նրան լավ պահիր
Սիրուն ժպիտը երբեք չկորի հավերժ զինվորիս…
Ռուստամս….
Դու կաս ու կլինես հավերժ մեր սրտերում»…

Բանաստեղծությունը՝ Ռուստամ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30