«Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամներն այսօր էլ բողոքի ցույց են անցկացնում Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ:
«Արցախի ձայնը նշանակություն ունի» խորագրով ցույցի ուղերձն այն էր, որ հայ եւ ռուս ժողովուրդները միասին պետք է պայքարեն ֆաշիստ Էրդողանի դեմ: Ցույցի ժամանակ հնչում էին «Վերջ Էրդողանին» վանկարկումներ:
«Եկել ենք, ևս մեկ անգամ հիշեցնելու մեր դարավոր պատմության մասին, այն պատմության, որի ժամանակ հայերն ու ռուսները միասին էին պայքարում եւ փրկում էին աշխարհը չարիքից: Այն պատմության, որի ժամանակ Հայաստանից եւ Արցախից բազմաթիվ մարշալներ, գեներալներ եւ հերոսներ ունեցանք»,- ասաց նախաձեռնության անդամ Եվա Սաֆարյանը՝ հավելելով, որ զուտ տարածքային համեմատությամբ, փոքրիկ Արցախն ավելի շատ հերոսներ է տվել Մեծ հայրենականին, քան ԽՍՀՄ կազմում գտնվող այլ պետությունները:
Ցույցի մասնակիցները եկել էին Թամանյան 89-րդ դիվիզիայի մարտիկների նկարներով: Մեծ հայրենականին դիվիզիան հասել էր Բեռլին: Եկել էին հիշեցնելու, որ պետք է միասին հաղթահարել այն ահաբեկչությունը, որը իրականացվում է Արցախում, եկել էին հիշեցնելու, որ ամեն օր կորցնում ենք սերունդ ու հայտնի չէ, թե այդ կորուստները ինչպես են հաղթահարվելու. «Մեր հայրերը, ամուսինները, եղբայրներն ու որդիներն առաջնագծում են պայքարում՝ հանուն արդարության, մենք էլ մեր ձայնն ենք բարձրացնելու՝ հանուն արդարության եւ չենք լռելու այնքան, քանի դեռ խաղաղություն հաստատված չէ»:
Կարդացեք նաև
Միջոցառումն առաջնագծից ուղիղ միացմամբ հետեւում էին զինվորները: «Մենք ձեզ հետ ենք», «Մենք ձեզ սիրում ենք» վանկարկումներն էլ ուղղվեցին առաջնագծի մարտիկներին, իսկ անմահացած հերոսներին՝ փառք ու պատիվ:
Նախաձեռնության անդամ Լիաննա Ադամյանն այսօր եկել էր իր պապիկի պատմությամբ. «Սերգեյ Ադամյան: Ես երբ փոքր էի՝ պապիկիս հարցնում էի՝ պապիկ, այդ ինչ անցքեր են քո մարմնին: Նա ինձ համար շատ ռոմանտիկորեն պատասխանում էր՝ Հիտլերն է կծել: Ես այդ ժամանակ չէի հասկանում, թե դա ի՞նչ է նշանակում: Բայց երբ սկսեց Արցախի ազատագրական պատերազմը, մենք հասկացանք՝ ինչ ասել է Հիտլեր, ինչ ասել է ֆաշիստ, ինչ ասել է թշնամի, որը մեծ հայրենականի ժամանակ սպասում էր, որպեսզի Ռուսաստանն անկում ապրի»:
Լիաննա Ադամյանը հիշեցրեց, որ 600 հազար հայ է մասնակցել Մեծ հայրենականին, 314 հազարը զոհվել է կամ անհայտ կորած է մնացել: 142 հազարանոց Արցախից 40 հազար մարդ է զորակոչվել բանակ, որոնցից շուրջ 20 հազարը չի վերադարձել պատերազմից. «Սա թվեր չեն, սա մեր մասնակցությունն է Մեծ հայրենականին: Այսօր եկել ենք եւ ուզում ենք, որ խաղաղության սահմանը լինի Արցախի սահմանը եւ միասին պայքարենք միջազգային ահաբեկչության դեմ, նոր ֆաշիստներ Էրդողանի եւ Ալիեւի դեմ»:
Ցույցի ժամանակ գնահատանքի եւ շնորհակալության խոսքեր հնչեցին այն ռուս գործիչների, մարդկանց հասցեին, ովքեր աշխարհին ճշմարտությունն են պատմում Արցախում տեղի ունեցողի մասին: Ողջույններ հղվեցին WargGonzo նախագծին եւ Սեմյոն Պեգովին, որը ներկայացրել է թե ինչպիսի զանգվածային ոչնչացման զենքեր է կիրառել թշնամին Արցախում՝ Թուրքիայի անմիջական ներգրավմամբ՝ Սմերչ, ֆոսֆորային ռումբ եւ բազմատեսակ այլ կործանիչներ: Իսկ ծննդատան, եկեղեցու ռմբակոծումը, ցույցի մասնակիցները համարում են քաղաքակրթության դեմ պայքար:
«Ահաբեկչության դեմ պայքարում ռուս ժողովրդին հայերի հետ միասնական ենք ուզում տեսնել: Ուզում ենք հավատալ, որ ՌԴ-ում եւ Հայաստանում տեղադրված Միասնության խաչ հուշարձանը, որը խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամությունը, ամրապնդվելու է նաեւ այս պայքարում»,- ասաց Լիաննա Ադամյանը:
Ցույցի ժամանակ ծափեր հնչեցին հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության համար, ծաղկեփունջն էլ ցույցի ավարտից հետո, կդրվի միասնականության եւ բարեկամության հուշարձանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Արմինե Ավանեսյանի