Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարգեւատրումների ֆոնդն աճել է ընդամենը 1.04%-ով». Արտակ Մանուկյան

Նոյեմբեր 03,2020 13:14

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պետբյուջեի 2021թ.-ի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով երեկվա նիստում հնչած թվին, որ 2021թ.-ի պետական բյուջեում նախատեսված պարգեւատրումների ֆոնդը կազմելու է 18 մլրդ 825 մլն դրամ, եւ որ ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ այն վերանայման ենթակա չէ, «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը խնդրեց պարզաբանել. «Եթե մենք պահպանած լինեինք համադրելիությունը, արդյոք չէինք ունենա՞ աշխատավարձի ֆոնդի 2.8% աճ։ Մեթոդաբանական ճշգրտումը ներկայացրեք։ Ինչո՞ւ, օրինակ, աղյուսակում հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգեւատրումները չկան»:

Ատոմ Ջանջուղազյանը նախ հիշեցրեց, որ երեկ հարցին արդեն անդրադարձել է. «Պարգեւավճարին պետք է մոտենալ ոչ թե որպես շռայլություն, այլ որպես վարձատրության համակարգի բաղկացուցիչ: Ըստ էության, սա միջանկյալ լուծում է, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, եւ պետական համակարգում աշխատանքի ծանրաբեռնվածությունը համաչափ բաշխված չէ, հետեւաբար՝ աշխատանքի վարձատրությունն էլ համարժեք չէ։ Երբ մենք ակնկալում ենք, որ պետական համակարգը պետք է որակյալ ծառայություն մատուցի, ենթադրում ենք, որ այդ ծառայությունը հնարավոր է կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում»:

Ապա նախարարը հաստատեց պատգամավորի հնչեցրած թիվն ըստ աղյուսակի. «Այո, բացարձակ ճշմարտություն է՝ աշխատանքի վարձատրության ֆոնդը աճելու է 2.8%-ով։ Այս դեպքում մեր երկրում եղած կարգավորումները, որոնց հիման վրա հաշվարկվում է աշխատավարձը, նախատեսում են բնականոն աճ։ Եթե ենթադրենք որևէ մարմնում լրացուցիչ հաստիք է ավելացվել, դա չէր կարող չավելացվել ու չհաշվարկվել։ Պարգեւավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա աշխատանքի վարձատրության 30%-ն է։ Իսկ այն, ինչ այստեղ մենք տեսնում ենք՝ որպես տոկոսների տարբերություն, ոչ միայն մեթոդաբանական խնդիր է, այլեւ կարգավորումների ազդեցություն։ Նախ, քանի որ 2019թ.-ին արտաբյուջետային հաշիվների գործունեությունը դադարեցնելու որոշում ընդունեցինք, դա բերեց նրան, որ այլեւս չունենք արտաբյուջետային հաշվով ակնկալվող մուտքերի հաշվին նախատեսված պարգեւավճարներ: Փոխարենն ամբողջ պարգեւավճարը նախատեսված է բացառապես պետական բյուջեի հաշվին»:

Վերջում Արտակ Մանուկյանն արձանագրեց. «Եթե աշխատանքի վարձատրության ֆոնդը աճում է 2.8%-ով, իսկ պարգեւատրումները, որոնք նախատեսվել էին արտաբյուջեով, գումարվում են պետական բյուջեին, ապա ստացվում է, որ, ըստ էության, պարգեւատրումների ֆոնդն աճել է ընդամենը 1.04%-ով»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30