Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ տնտեսվարողներ փորձել են պատերազմական ստեղծված իրավիճակը շահարկել ու օգտվել իրավիճակից ու տուգանվել են. ՊԵԿ նախագահ

Նոյեմբեր 03,2020 13:07

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ համավարակի պայմաններում բյուջեում մոտ 40 մլրդ դրամ ավելի հավաքագրում է եղել, քան 2020-ի բյուջեով նախատեսվել է՝ պատասխանեց. «Այո, ճիշտ նշեցիք, 2020-ի բյուջեում հարկային եկամուտների սպասողականը 1 տրիլիոն 320,5 մլրդ դրամ է, սակայն կանխատեսումներով եւ մեր սպասումներով՝ այն կարող է կազմել 1 տրիլիոն 360 մլրդ դրամ: Հնարավոր է նաեւ մի փոքր ավելի, ինչը բավականին լավ ցուցանիշ է: Կանխատեսումները համավարակի ազդեցությամբ եւ նաեւ վերջերս պատերազմական գործողությունների արդյունքում սպասումները մի փոքր ավելի վատն էին, սակայն մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել, եւ սա շատ դրական երևույթ է ընդհանուր մեր տնտեսության մեջ: Սրանով կարող ենք ասել, որ ՀՀ-ում մակրոտնտեսական վիճակը կայուն է: Կա կայունություն, որը թույլ է տալիս տնտեսության մինիմում մակարդակ ապահովել, ինչից էլ գեներացվում են հարկերը»:

Թե ինչպես է հնարավոր եղել այսպիսի արդյունք ապահովել, երբ մի շարք տնտեսվարողների գործունեությունը կաթվածահար էր՝ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «2020-ի մարտից սկսած տնտեսության շատ ճյուղեր չէին աշխատում, կարելի է ասել, պարալիզացված էին, սակայն տնտեսության մյուս ճյուղերի հարաբերական կայունության ապահովմամբ՝ հնարավոր եղավ գեներացնել այն հարկային պարտավորությունները, ինչը մենք ունեինք»:

ՊԵԿ նախագահը նաեւ նշեց, որ հարկ վճարողներին վերադարձրել են 112,3 մլրդ դրամ, ինչը նույնպես դրական ցուցանիշ է: 2019-ի 10 ամսվա տվյալներով՝ 61 մլրդ դրամի տարբերություն կա, այս բացասական տարբերությունը, ըստ ՊԵԿ նախագահի, մտահոգիչ չէ, որովհետեւ 2019-ին մեքենաների մեծ քանակի ներմուծման արդյունքում էին մաքսային վճարները շատ կազմել ու 61 մլրդ-ից շուրջ 58,5-ը տրանսպորտային միջոցների բացասական տարբերությանն է բաժին ընկնում:

Իսկ թե տնտեսության ո՞ր ճյուղերն են ակտիվացել՝ պարոն Հովհաննիսյանը մատնանշեց արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, մանրածախ առեւտուրը եւ հիմնականում վերջնական սպառումը. «Կարգապահության մասով նշեմ, որ հետաքրքիր վիճակագրություն ունենք, ԱԱՀ վճարողների մոտ կարգապահության աստիճանը ավելի բարձր նշաձողի վրա է պահպանվել, քան շրջանառության հարկ վճարողների մոտ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այս խառը օրերին ՀԴՄ տպո՞ւմ են տնտեսվարողները՝ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «ՊԵԿ-ը ոչ մի օր չի թուլացրել վերահսկողությունը, հանգամանքները եւ հասկանալի անհարմարությունները հաշվի առնելով՝ մենք վարչարարությունը եւ վերահսկողությունը մի փոքր տեղափոխել ենք գրասենյակային դաշտ՝ հեռահար եւ աննկատ եղանակով՝ վերլուծական աշխատանքների միջոցով»:

Այնուամենայնիվ, տուգանքներ արձանագրվել են ու հատկապես այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք փորձել են ստեղծված իրավիճակը շահարկել ու օգտվել իրավիճակից. «Մենք չենք հանդուրժել այդ վարքագիծը եւ պարտադիր ստուգողական աշխատանքներ ենք իրականացրել: ՀԴՄ տպում են, այո: Իհարկե, այս դաշտում ունենք խնդիրներ եւ հսկողական աշխատանքները կրում են մշտական բնույթ, մինչեւ մեր հարկ վճարողների կարգապահական մակարդակի եւ մշակույթի վերջնական զարգացում ապահովելը եւ ձեւավորելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30