ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները Հոլիվուդի Փառքի ճեմուղում, որտեղ աշխարհահռչակ մարդկանց աստղեր են գտնվում, խոշոր տառերով գրել են STAND WITH ARMENIA, եւ արգելափակել խաչմերուկներ: Սա յուրօրինակ պահանջ եւ կոչ է Հոլիվուդի աստղերին:
ԱՄՆ-ում շարունակվում են ի պաշտպանություն Արցախի հայկական համայնքի եւ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու գործողությունները: «Ամեն հայ, որ կարող է լինել այստեղ, պետք է լինի այստեղ, որովհետեւ միասին մեր ձայնն ավելի բարձր կհնչի, եւ մեր գեղեցիկ էներգիան կփոխանցվի մեր Հայաստանի ու Արցախի եղբայրներին ու քույրերին…Պետք է պայքարենք մարդու իրավունքների եւ արդարության համար, հայերի իրավունքների համար»,-ասաց միջոցառման մասնակիցներից մեկը:
Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչները ամերիկացիներին եւ Հոլիվուդյան աստղերին կոչ են անում խախտել լռությունը: «Հայ կանայք եւ երեխաները մեռնում են ահաբեկչության ու ձեր լռության պատճառով, ինչպե՞ս կարող եք լուռ մնալ…Եթե փնտրեք տեղեկատվություն, կտեսնեք, թե ինչ է կատարվել հարյուր տարի առաջ հայերի հանդեպ: Հոլիվուդ, ինչո՞ւ ես լուռ, եթե իսկապես մտածում եք խաղաղության ու մարդու իրավունքների մասին, թույլ մի տվեք ձեր բերանը փակել փողով»,-կոչ արեց միջոցառման մասնակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ