Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե իր երկիրը ոչ ոքի ֆոսֆորային ռումբեր չի մատակարարում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում բնակվող հայ ռեժիսոր, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամյան էջում հրապարակել էր Զելենսկու հետ իր լուսանկարն ու մասնավորապես գրել. «Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի եւ բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մարդ ես՝ մեծ սրտով: Իսկ երեկ ես նայեցի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, եւ, ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի ասել ՝ «եղի՛ր քաղաքավարի, մարդ է», բայց, ըստ երեւույթին, երբ նստում ես այդ «աթոռներին» այն ամենը, ինչ մարդկային ու լավ է` թողնում ես անցյալում»։
Այժմ պատասխանելով այդ նամակին եւ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակին՝ Զելենսկին Ֆեյսբուքում հետևյալ բովանդակությամբ գրառում է կատարել․ «Ուկրաինան երբեք ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։ Ընդհանրապես։ Հատկապես այն վայրերում, որտեղ թեժ է, և որտեղ տաք գլուխներն են որոշումներ կայացնում։ Ուկրաինան դեմ է ցանկացած արյունոտ հակամարտության։ Մենք չենք սատարում էսկալացիան և չենք զինում հակամարտող կողմերին։ Միայն թեկուզ այն պատճառով, որ մենք 7-րդ տարին է՝ շատ ծանր պատերազմի մեջ ենք։ Մենք կտրականապես դեմ ենք պատերազմներին և ձգտում ենք խաղաղության»:
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայում մեծ հայկական համայնք կա, որը հասարակության օրգանական մասն է կազմում. «Եվ դա մեզ համար ծայրահեղ կարևոր է»։
Կարդացեք նաև
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ