«Ընդհանրապես ահաբեկիչներին տարածաշրջան տեղափոխելն արդեն իսկ միջազգային աղմուկի պատճառ է, բայց մեր Քաղավիացիայի կոմիտեն պետք է նամակներով խեղդի միջազգային կառույցներին, ԻԿՕ-ին, ԻԿԱԿ-ին, «Եվրակոնտրոլ»-ին (Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպություն), որ Թուրքիան ու Ադրբեջանը քաղաքացիական օդանավերով ահաբեկիչներ են տեղափոխում, և պահանջենք վերահսկել քաղաքացիական օդանավերն ու լիցենզիայից զրկել այդ ավիաընկերություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը։
Շահեն Պետրոսյանը հիշեցնում է, որ ԻԿՕ-ի փաստաթղթերով արգելվում է քաղաքացիական օդանավերով ռազմական բեռներ տեղափոխել, քաղաքացիական օդանավերը օգտագործել ռազմական նպատակներով և այլն։ Եվ քանի որ այդ փաստն արդեն ապացուցված է, ապացույցների կարիք չկա այլևս, ադրբեջանական, թուրքական ավիաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից. «Բայց Թուրքիան ԻԿԱԿ-ի անդամ է, պետք է հետևի բոլոր պահանջներին, բայց իրենք էլ կարող են արդարանալ, թե քաղաքացիական նպատակներով են օգտագործում, և թե հետո Ադրբեջանը ինչպես է վարվում, իրենք տեղյակ չեն։ Կոպիտ ասած՝ կարող են իրենց էշի տեղ դնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք։ Քաղավիացիայի կոմիտեն գիշեր-ցերեկ պետք է նամակներով խեղդի ԻԿՕ-ին, ԻԿԱԿ-ին, «Եվրականտրոլ»-ին։ Դա արդեն պետք է արված լինի»,- ասաց Պետրոսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ցավոք, այս մարմինները պատժամիջոցներ չեն կարող կիրառել, քանի որ վերահսկողական ու խորհրդատվական մարմիններ են։ Պատժամիջոցներ կարող է կիրառել, ասենք, Եվրամիությունը և Ադրբեջանը ճանաչվի անօդային տարածք, կամ Վրաստանը, որը թույլ է տալիս իր օդային տարածքով քաղաքացիական օդանավերով ահաբեկիչներ ու ռազմական բեռներ տեղափոխել։ «Այս հաստատված փաստն ունենալով՝ մենք պետք է դիմենք տարբեր երկրների իշխանություններին, որ սանկցիաներ կիրառվեն»,- եզրափակեց Շահեն Պետրոսյանը։
Նշենք, որ «Եվրակոնտրոլ»-ը միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են 41 պետություններ։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: