18-ամյա Նարեկ Սահակյանի անունը հարազատները մահացածների պաշտոնական ցուցակում այդպես էլ չգտան, բայց հոկտեմբերի 25-ին նրա մահվան մասին տեղեկացան Նարեկի ընկերներից:
«Ընկերներից իմացանք, որ մի քանի հոգով արկերի տակ են մնացել»,- Aravot.am-ին պատմեց Նարեկի հորաքրոջ աղջիկը՝ Լիաննա Սիանոսյանը:
Երկու օրից՝ նոյեմբերի 5-ին, կլրանար Նարեկի 19-ամյակը, նա ընտանիքի ավագ տղան էր, ուներ իրենից փոքր քույր ու եղբայր, մայրը տարիներ առաջ էր մահացել:
Զոհված զինծառայողի զարմուհին նաեւ պատմեց, որ Նարեկը Խոջալուում էր ծառայում, բայց վերջին անգամ հայտնել էր, որ այնտեղ չէ, չէր ասել՝ որտեղ է. «Պատերազմական իրավիճակի մասին ոչինչ չէր խոսում: Միայն ասում էր ՝ ամեն ինչ լավ է ու լավ է լինելու: Վերջին անգամ հոկտեմբերի 18-ին է խոսել հորաքրոջ հետ, հոկտեմբերի 20-ին՝ ընկերներից մեկի հետ, դրանից հետո նրանից զանգ չենք ստացել: Գոհ էր ծառայությունից, պատմում էր, որ ծառայության ընթացքում մարմինը կոփվել է, իսկ պատերազմական գործողություններում իր տեղը գտել է»:
Կարդացեք նաև
Նարեկ Սահակյանը սովորում էր Ագրարային համալսարանի գինեգործության բաժնում, Զարմուհու խոսքով՝ գինեգործ դառնալու մեծ նպատակներ ուներ. «Թեեւ ապագայի մասին չէր սիրում խոսել, բայց հաճախ էր ասում, որ բանակից վերադառնալուց հետո «Նիվա» մակնիշի մեքենա է գնելու, ամուսնանալու է ու շատ երեխաներ է ունենալու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ