Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչ օրս չի եղել մի պետություն, որի նկատմամբ կիրառվել է պատժամիջոց ֆոսֆորային զենքի գործածման համար. Սիրանուշ Սահակյան. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 03,2020 07:20

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ֆոսֆորային զենքերի կիրառումը Արցախի անտառային տարածքներում սովորութային եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Այն արգելված է նաեւ միջազգային կոնկրետ պայմանագրով, եւ դասվում է պատերազմական հանցագործությունների շարքին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ չնայած այս կարգավորումներին՝ մինչ օրս չի եղել մի պետություն, որի նկատմամբ կիրառվել է պատժամիջոց այս զինատեսակի գործածման համար։ «Եվ թերեւս, պատճառը քաղաքական է․ այն երկրները, որոնք պետք է հետեւողական լինեին արգելված զենքի կիրառման հետեւանքները գործի դնելու հարցում, զենքի հենց ակտիվ կիրառողներից են, ուստի, այս զինատեսակների կիրառումը չի զուգակցվում պատժամիջոցներով։ Կարող եմ ասել միայն, որ բազում պետություններ խրախուսում են վավերացնել դրա արգելքի վերաբերյալ Կոնվենցիան, բայց եթե վավերացում չկա, դժվար է կիրառողներին կառավարելի դաշտ բերել»,- ասաց Սահակյանը։

– Տիկի՛ն Սահակյան, միջազգային կոնկրետ ի՞նչ պայմանագրի, ո՞ր նորմերի խախտում է ֆոսֆորային զենքերի կիրառումը։

– Գոյություն ունի Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո ընդունված Կոնվենցիա, որը վերաբերում է որոշակի զենքերի օգտագործման արգելքին, եւ այս Կոնվենցիային կից ընդունվել են արձանագրություններ։ Խոսքը, մասնավորապես, «Հրկիզվող զենքերի օգտագործման արգելքի մասին» 3-րդ արձանագրության մասին է, ըստ որի՝ այդպիսին են այն զենքերն ու զինամթերքները, որոնք նախատեսված են առարկաներ հրկիզելու կամ մարդկանց այրվածքներ պատճառելու համար, օգտագործվում են ջերմության, բոցի, դրանց համադրության եւ հիմնականում քիմիական ռեակցիայի միջոցով։ Հետագայում այս կոնվենցիոնալ դրույթին տրվել է մեկնաբանություն, եւ հստակ արձանագրվել է, որ սպիտակ ֆոսֆորը դասվում է սրանց թվին։ Նշեմ, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը այս կոնվենցիան չեն վավերացրել։

Իհարկե, քաղաքացիական անձանց շրջանում ֆոսֆորային զենքերի օգտագործումը նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով է կարգավորվում, եւ թե՛ Human right watch կազմակերպությունը, թե՛ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բազմիցս դիրքորոշումներ են արտահայտել, ըստ որոնց՝ այս զինատեսակի օգտագործումը ոչ զինվորական թիրախների նկատմամբ արգելված է եւ ավելորդ տառապանք է պատճառում քաղաքացիական անձանց։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30