Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկից երբեք չնեղանալ

Նոյեմբեր 03,2020 10:00

Այդ սկզբունքը ես որդեգրել եմ մի քանի տարի առաջ, եւ, ինձ թվում է, դա ճիշտ սկզբունք է անձնական, հասարակական կյանքում, առավել եւս՝ միջազգային հարաբերություններում: Եթե, ենթադրենք, ինչ-որ մեկն ինձ վիրավորում է, ապա, մտածում եմ ես, կա երկու տարբերակ.

ա/ այդ մարդը գտնվում է ինչ-որ էմոցիաների ազդեցության տակ կամ ունի որոշակի հոգեկան խեղումներ, եւ այդ դեպքում պետք է նրան անկեղծորեն ցանկանալ հասնել հոգեկան հավասարակշռության,

բ/ նա արտահայտում է իր խմբի (կազմակերպության, հիմնարկի, կուսակցության, աղանդի) շահերը: Երկրորդ դեպքում, եթե այդ խմբի շահերն ինձ համար կարեւոր են, ես փորձում եմ հասկանալ, թե ինչով եմ խանգարում դրա նպատակների իրականացմանը: Սակայն սովորաբար այդ հարցն ինձ առանձնապես չի հուզում, եւ ես «հուզվելու» ողջ բեռը դնում եմ տվյալ խմբի վրա:

Քաղաքականության մեջ, հատկապես միջազգային հարաբերություններում առաջին (հուզական) գործոնը գրեթե նշանակություն չունի, էմոցիաները նահանջում են տասներորդ պլան: Թալեաթի, Հիտլերի, Պոլ Պոտի, Էրդողանի կամ Ալիեւի պաթոլոգիաները գուցե որոշ հետաքրքրություն ներկայացնում են հոգեբույժների համար, բայց քաղաքական տեսանկյունից կարեւոր են իրենց երկրների իրական կամ պատրանքային շահերը, որոնք հետապնդելիս նրանք իրականացրել են իրենց հանցագործությունները: Եվ դա վերաբերում է ոչ միայն ակնհայտ հանցագործներին, այլեւ բոլոր երկրների ղեկավարներին, բոլոր պետական ու քաղաքական գործիչներին:

Պատերազմի ժամանակ է՛լ ավելի են սրվում Հայաստանի հասարակության մի մասի տրամադրությունները, թե իբր մենք՝ հայերս, աշխարհում միայնակ ենք, բոլորը մեր դեմ են: Այդ տրամադրություններից բխում է նաեւ «նեղվածությունը» Իսրայելից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, մի խոսքով՝ բոլորից: Դրանով պայմանավորված՝ մեր նեղսրտած հայրենակիցներից ոմանք «բաց նամակներ» են հղում այս կամ այն հասցեով: Այդ էմոցիոնալ վերաբերմունքի փոխարեն պետք է հասկանալ, թե որոնք են այդ երկրների տնտեսական ու քաղաքական շահերը եւ գիտակցել, թե որքանով են դրանք համընկնում կամ հակասում մեր շահերին:

«Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի», – այդպես է վերջերս ասել Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի մասին: Որքան էլ այդ գնահատականը հակասի մեր զգացմունքներին, այն կիրառելի է ցանկացած երկրի դեպքում: Այնպես չի, որ մենք ոչ մեկից չենք կարող զենք գնել, չենք կարող ռազմական օգնություն ստանալ,  բոլոր հարթակներում միայն հակառակորդն է դիվանագիտական աջակցություն ստանում եւ այլն: Պարզապես պետք է միշտ հիշել, որ աջակցությունը կամ ոչ բարեկամական քայլերը պայմանավորված չեն մեր կամ ադրբեջանցիների «գեղեցիկ աչքերով»: Ի դեպ, դա վերաբերում է նաեւ Թուրքիայի դիրքորոշմանը, որքան էլ թուրք պաշտոնյաները «հավերժ եղբայրության» երդումներ տան:

…Մենք ունենք աշխարհում բարեկամներ եւ դաշնակիցներ: Ուրիշ հարց, որ նրանք մեր փոխարեն չեն կռվի: Սա մե՛ր պատերազմն է, որում մե՛նք ենք հաղթելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    “Նեղանալ” կոչված երևույթը, բացի անիմաստ լինելուց ևս միամիտության հետևանք է: Նեղանալ, նշանակում է հերքել այն փաստը, որ մեզանից յուրաքանչյուրը յուրովի է տեսնում և ընկալում աշխարհը: Ինչպես ասում են, Աստված իրեն այդպես է ստեղծել: Իր մեջ ներ է դրված “արժեքային մի համակարգ”, որտեղ որևէ բան փոխելն անհնար է:

    Այս պատերազմը մատուցված դասերից զատ, ազատեց շատ-ու-շատ պատրանքներից՝ ռուսի ոտը, շահը, մեր առաջնահերտությունների գիտակցումը: Ձեր հոդվածի “մեխը” շահն է, ինչը դժվար է հերքել, քանի որ այդ արժեքը տիրել է աշխարհը և դարձրել այն “ուղղահայաց բարբարոսության” մի կծիկ: Սակայն բարոյականությունն ու ազնվականությունը մնացել են ոչ միայն գրքերում, այլև մարդկային հասարակության, հուսով եմ, ոչ սակավաթիվ անհատների ներսում: Ուրիշ բան, որ այսօր դա եղանակ չի ստեղծում: Այդ առումով ՀԱՅԸ, այո, բարոյական ազգ է, որովհետև նույնիսկ ամենաողբերգական իրավիճակներում ներկայանում է աշխարհին իր մարդկային արժեքների գերակայության փաստով: Ես վստահ եմ, որ Աստված թույլ չի տա, որ այս ազգը անհետանա: Հաղթելու ենք…

    Եվ որպես օրինակ, Իսրայել երկրի նախագահի առաջարկը հումանիտար օգնության վերաբերյալ: Ցինիզմի ինչպիսի դրսևորում: Նիկոլ Փաշինյանը “նեղացավ” և այսպես պատասխանեց. “Կարծում եմ, Իսրայելը այդ օգնությունը պետք է ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն”: Ինչպես ասում են, բարոյական ապտակ, ուրիշ բան դա տեղ հասավ թե ոչ: Հայերը այսպիսի խոսք ունեն. “ՄԱՐԴՈՒՑ կնեղանան….”

  2. Քաղաքացի says:

    Կանադայի մեր հայրենակիցների “Նոր Սարդարապատ” երգը ARIAG երգչախմբի կատարմամբ:
    https://www.youtube.com/watch?v=2TRxWfMIbwY&feature=youtu.be

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30