ՀՖՖ-ն իր կայքէջում պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որում ասված է. «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր:
Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը և ՀՖՖ տեսուչներից մեկը:
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակից ակումբների ներկայացուցիչների կողմից նման ցինիկ պահվածքն անթույլատրելի է նույնիսկ սովորական պայմաններում, իսկ պատերազմական դրության ժամանակ, երբ առավել կարևոր է ներքին համերաշխության պահպանումը, սա պարզապես խայտառակություն է:
Կարդացեք նաև
ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները և երկու դեպքում էլ կիրառելու է իր իրավասությունների շրջանակներում գտնվող ամենախիստ պատիժները:
ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և ևս մեկ անգամ հորդորում է ֆուտբոլային հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին պահպանել արդար խաղի կանոնները և չխաթարել ներքին միասնականությունը պատերազմական՝ առանց այն էլ ծանր օրերի ընթացքում»:
Aravot.am-ը փորձեց միջադեպերի մասնակից ակումբներից ավելի հանգամանալից տեղեկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Կապ հաստատել հաջողվեց միայն «Շիրակ» ՖԱ՝ այս պահին Մոսկվայում գտնվող մամուլի քարտուղար Արման Մալոյանի հետ: Նա ասաց. «Հիմա ոչ մի լրատվամիջոցի ոչինչ չենք պատասխանի: Մոտ ժամանակներս մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությունով, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կլինեն: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը միշտ այդպես է աշխատել եւ շարունակելու է այդպես աշխատել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ