Ըմբշամարտիկ Դերենիկ Մովսեսյանը «Կարմիր բերետներ» ջոկատի կամավորներից է։ Որպես մարզիկ մասնակցել է տարբեր միջազգային մրցաշարերի, որոնց ընթացքում հաղթել է նաև ադրբեջանցիների:
«Առավոտը զարթնեցի, ասացին, որ սկսվել է կռիվը: Սա իմ պարտքն է, իմ տունը պահողը ես եմ, մեր տան մեջ միակ տղան ես եմ. երեք հատ քույր ունեմ, ես պետք է գայի: Այդպես եկել եմ, ախպերներիս կողքը լինեմ կարևորը»,- ասում է Դերենիկը:
Նա սկզբից այլ ջոկատների հետ է մասնակցել կռվին, այնուհետև տեղեկացել է «Կարմիր բերետներ» ջոկատի մասին. «Այստեղ մեզ ծանոթացրեցին զենքի տեսակներին, ըստ մասնագետների տեղավորեցին իրենց զենքերի մոտ, և բացատրեցին` ինչը ոնց է կատարվում նման վայրերում, որովհետև այսօր այն պատերազմն է, որ ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչ կարող են անել: Յուրաքանչյուրը պետք է իմանա, թե որտեղ ինչ է անում»:
Դերենիկն նշում է, որ ջոկատի հրամանատարական կազմը փորձառու է, ինչը վստահություն է ներշնչում. «Իրենք ամեն անգամ մեր կողքով քայլելով պերեսմենկեքի ժամանակ վերևով էին քայլում, ցույց տալով, որ թուրքից չեն վախենում: Մեզ պարտադրում էին ներքևում մնալ: Այդքանով վստահում ենք` հասկանում ենք, որ իր կյանքը ավելի քիչ է գնահատում, քան մերը»:
Կարդացեք նաև
Ասում է, որ եկել է հաղթելու համար. «Պիտի ստանանք: Ով, որ մեզ վրա գա, մեր տան վրա գա, պետք է ականջները կտրենք: Դա է մեր միակ նպատակը: Թասիբ: Հայի թասիբ: Անկախ քեզնից, բացատրելու բան չի: Թասիբ է էլի, մեջիցդ դուրս է գալիս: Չես էլ մտածում` ի՞նչ ես անում. գնում ես առաջ, որովհետև թասիբդ է ստիպում: Ու ինձ թվում է` յուրաքանչյուր հայ տղա, որը որ այսօր տանը նստած է, պետք է մտածի, որ վաղը չէ մյուս օրը, թուրքը կարող է հասնել իր գերեզմանին ու պղծի: Մենակ այդ միտքը բոլորիդ առաջ պետք է բրդի»:
Դերենիկը առաջին անգամ չէ, որ դուրս է գալիս ադրբեջանցու դեմ: Հիմնականում հանդիպումը տեղի էր ունենում ըմբշամարտի գորգի վրա, իսկ այժմ` ռազմի դաշտում. «Ամենակարևոր փաստը մեր ու ադրբեջանցիների հակամարտության, որ, երբ դուրս են եկել գորգ` իմանալով, որ հայի հետ են, ու լարվել են ու վախեցել: Երկրորդն էլ` կարող է մի քիչ «ժյոստկիյ բորբա» կպնեինք իրենք «սիմուլյանտություն» անեին: Միշտ էլ նույն վախկոտներն են: Սպորտի մեջ էլ են այդպես: Ու, որ կրում էիր, ու հետ էիր գալիս տուն, աշխարհը քոնն էր` օդանավակայանից սկսած մինչև տուն: Ու հիմա էլ է այդպես:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ