Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի Անին սրճարանը վերածել է սահմանի համար անհրաժեշտ իրերի հավաքման կետի. «Երբ ապրանքն ուղարկում ես դիրք ու զինվորը մեկ այլ բան է ուզում, ակամայից շղթան շարունակվում է ու հասկանում ես, թե ինչքան է պետք թիկունքը»

Նոյեմբեր 02,2020 21:21

Պատերազմի առաջին իսկ օրից, ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, իրարից տարբեր հազարավոր մարդիկ միավորվեցին հանուն մեկ գաղափարի՝ սահմանի օգնության:

Պատերազմի լուրը ստանալու առաջին իսկ րոպեից օգնության գործին անցավ նաեւ Անին: Անիին Վանաձորում գործող Level Up սրճարանի տնօրենն է: Եղբոր՝ Արամ Սիրականյանի ու երկու եղբայրների՝ Հարութ եւ Հովհաննես Դանիելյանների հետ անցան սահմանում ծառայողների օգնելու գործին. «Չեմ հիշում, թե ով էր, զանգեց ասեց՝ Անի ջան, դեղեր են պետք, կարո՞ղ ես օգնել, հովանավոր լինես: Ասեցի այս պահին ձեր ասաց՝ քանակը չեմ կարողանա ապահովել, բայց Level UP-ի ֆեյսբուքյան էջը մեծ լսարան ունի, հայտարարություն կդնենք ու կհավաքվի: Արդեն 2 ժամ անց մեզ մոտ ոչ միայն դեղեր էր հավաքվել, այլեւ ամեն ինչ՝ սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր եւ այլն: Հետո Հարութը զանգեց ասեց, որ հայտարարություն դիր, որ մեր՝ HD տաքսիները պատրաստ են բոլորին անվճար Արցախից տեղափոխեն Հայաստան: Մարդիկ անմիջապես արձագանքեցին ու Հարութը այդ մարդկանց օգնեց, նաեւ տեղավորեց ընտանիքներում: Եվ դարձավ համագործակցության պես մի բան»:

Սկզբում ուղղակի եղել է նախաձեռնություն, որին միացել են մի շարք կամավորներ: Անին ասում է, որ մտքով չի էլ անցել, որ կարող է օգնությունը լինի շարունակական, բայց երբ զինվորին օգնելու մասին է խոսքը, ամեն ինչ պետք է ավարտին հասցնել. «Սկզբից մտադրություն չունեինք, որ այսպես խորանայինք, բայց երբ ապրանքն ուղարկում ես դիրք ու զինվորը մեկ այլ բան է ուզում, ակամայից շղթան շարունակվում է ու հասկանում ես, թե ինչքան է պետք թիկունքը: Մեզ միացան նաեւ մեր համաքաղաքացիները,- ասում է Անին ու նշում, որ սկզբնական շրջանում մարդիկ ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերել, հետո կամաց-կամաց թուլացել է: Սակայն չի բողոքում, վստահեցնում է՝ այն ինչի կարիքն ունի զինվորն ու դիմում է իրենց, կարողանում են հասցնել սահման. «Այնպես չի, որ մարդիկ ապրանքը միայն մեզ մոտ են բերում: Մի ընտանիքը տարբեր տեղեր է տանում, որտեղ ինչպես կարողանում են, աջակցում են: Հետո հիմնադրամին են փոխանցում: Կարծում, որ շուտով, երբ ստանան աշխատավարձերն ու թոշակները, նորից ավելի ակտիվ կլինեն: Ոչ թե ցանկությունն է պակասել, այլ մարդկանց միջոցներն է սպառվել»:

Իսկ այս պահին ամենից շատ կա՝ քնապարկերի ու տաք արտահագուստի կարիք:

Տեսնելով Անիիենց նվիրվածությունը գործին, վանաձորցի կամավորականներին սկսեցին աջակցել նաեւ Երեւանից՝ Արսեն ու Արման եղբայրները. «Այս պատերազմն իհարկե իր անդառնալի հետեւանքները կունենա: Սրանից ուշքի գալու համար դեռ շատ ժամանակ է պետք, բայց նաեւ դրական կողմ ունեցավ, այնքան ընկերներ ու հարազատ մարդիկ ձեռք բերեցի: Շատ մարդիկ, որոնց չեմ ճանաչել, այսօր ոնց որ մի ընտանիքի անդամ լինենք»,- ասում է Անին:

Բացի սնունդ, դեղորայք ու հագուստ հավաքագրելը, երբ արդեն զինվորին անհրաժեշտ իրերի համար գումար չի եղել, Անին կամավորների հետ որոշեց գումար հավաքել: Աչքի առաջ ունենալով Լոս Անջելեսի օրինակը. «Երբ ասեցին, որ 100 հատ զինվորական համազգեստ է անհրաժեշտ, այդ պահին ընդհանրապես գումար չկար: Տեսա, որ Լոս Անջելեսում դրամահավաք են կազմակերպել, հետ նաեւ Էջմիածնում, եւ արդյունքի են հասել, ասեցի, որ այստեղ էլ կստացվի: Մարդիկ կային, որ գրպանի վերջին կոպեկն էին հանում ու տալիս: Չի եղել դեպք, որ մերժեին մեզ:  1 մլն 200 հզ դրամ կարողացանք հավաքել: Եթե էլի ինչ-որ ապրանք պետք լինի, որ գումար չունենանք, կփորձենք կրկին այսպես հավաքել: Չնայած ինձ նաեւ իմ ընկերներն ու ինձ վստահող մարդիկ էլ են գումար փոխանցում:

Ամեն ինչ տեղում կազմակերպում ու հենց իրենք էլ ապրանքը հասցնում են սահմանում կանգնած զինվորին. «Խոսակցություն կա, թե իբր Գորիսից ապրանքը տղաներին չի հասնում: Ուզում եմ ասել, որ դա բացառվում է: Չի եղել դեպք, որ մենք Գորիսից հետ գանք ու դիրքեր տղաների համար ապրանք չտանենք: Այս ամեն ինչը վերջանա, բոլոր տեսագրությունները կտեղադրեմ մեր էջում, որ մարդիկ տեսնեն: Մինչեւ այդ մարդիկ գնում են սահման ու գալիս մենք կես մարդ ենք դառնում», – ասում է Անին ու հավելում, որ շատերը խոսակցություններ են տարածում, թե իրենք այս աշխատանքը կատարում են իրենց գովազդի համար. «Ոչ թե մեզ էր պետք PR-ը, այլ հակառակը, Level Up-ի բարի անունն ու համբավը ստիպեց, որ մեր դրած ցանկացած հայտարարության արձագանքեն ու յուրաքանչյուր իր րոպեների ընթացքում մեր կողքին լիներ: Չեմ կարող ասել, թե հիմա որքան խնդիրներ ունի սրճարանը: Ոչ մեկին հաճելի չէ, որ իր բիզնեսը փակի, բայց պետք էր,- սրտնեղած ասում է Անին, բայց չի հիասթափվում, հիմա դրա ժամանակը չէ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Անի Ալեքսանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30