VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր:
Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը և ՀՖՖ տեսուչներից մեկը:
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակից ակումբների ներկայացուցիչների կողմից նման ցինիկ պահվածքն անթույլատրելի է նույնիսկ սովորական պայմաններում, իսկ պատերազմական դրության ժամանակ, երբ առավել կարևոր է ներքին համերաշխության պահպանումը, սա պարզապես խայտառակություն է:
Կարդացեք նաև
ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները և երկու դեպքում էլ կիրառելու է իր իրավասությունների շրջանակներում գտնվող ամենախիստ պատիժները:
ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և ևս մեկ անգամ հորդորում է ֆուտբոլային հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին պահպանել արդար խաղի կանոնները և չխաթարել ներքին միասնականությունը պատերազմական՝ առանց այն էլ ծանր օրերի ընթացքում: