Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը ոչ թե ուզում է փոխել Մինսկի խմբի ձեւաչափը, այլ զուգահեռ օժանդակ ձեւաչափ ստեղծել». իրանագետ

Նոյեմբեր 02,2020 20:20

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին օրերս արցախյան հակամարտության լուծմանն ուղղված Իրանի առաջարկած ծրագրի առնչությամբ հայտարարել էր. «Իրանի պլանը առաջին փուլում նախատեսում է երկրների կողմից պահպանել որոշ սկզբունքներ, օրինակ՝ վերջ դնել օկուպացիային, հարգել տարածքային ամբողջականությունը, հարգել ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, հումանիտար իրավունքներն ու փոքրամասնությունների իրավունքները, թույլ չտալ քաղաքացիական բնակչության և օբյեկտների վրա հարձակումները…ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անկարողությունն ու անարդյունավետությունը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում»: Այս ծրագրի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, նշյալ առաջարկից որքանո՞վ կարող ենք ենթադրել, որ Իրանի նպատակը սեփական ներկայությամբ Մինսկի խմբի ձեւաչափում փոփոխություն մտցնելն է:

-Վերլուծելով ոչ միայն Աբաս Արաղչիի, այլեւ Իրանից ստացվող այդ թվում փորձագիտական տեղեկատվությունը՝ կարող ենք արձանագրել, որ Իրանը ոչ թե ուզում է փոխել Մինսկի խմբի ձեւաչափը, այլ, ըստ իրենց հայտարարությունների, փորձում է Մինսկի խմբին զուգահեռ օժանդակ ձեւաչափ ստեղծել տարածաշրջանային մակարդակում: Եւ հիմնական քայլերը միտված են տարածաշրջանային հարցերից արեւմտյան երկրներին դուրս մղելուն եւ Թուրքիային հակակշռելուն: Քանի որ չեն կարող առհասարակ բացառել Թուրքիայի ներկայությունը, որդեգրել են մասնակցային սկզբունքը: Այսինքն, մասնակցելով գործընթացներին՝ չեզոքացնել կամ հակակշռել Թուրքիային: Մեր շահերից բացարձակ չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունը եւ Թուրքիայի՝ որեւէ ձեւով ներկա լինելը միջնորդական առաքելությունում: Թուրքիան չի էլ կարող ներկա լինել դրանում, քանի որ պատերազմի ակտիվ կողմ է:

-Գնահատականներ հնչեցին, թե Աբաս Արաղչիի հայտարարությունում հակահայկական դիրքորոշումներ են մատնանշվել: Որքանո՞վ է սա հիմնավոր:

-Ցանկացած կողմ, որը փորձում է կրել միջնորդական առաքելություն, միաժամանակ դրսեւորվում է չեզոք կերպով եւ չի կարող լինել հակամարտության որեւէ կողմի թիկունքին: Միջնորդական առաքելությունը բացառում է որեւէ կողմի շահերից հանդես գալը: Նշյալ հայտարարությունում որեւէ հասցեական բան չկա: Որեւէ ձեւով չի նշվում «Ադրբեջան» կամ «Հայաստան»: Պարզապես Իրանը պետք է հաշվի առնի, որ ադրբեջանական կողմը միտված չէ զիջումների կամ փոխզիջումների ու առաջ է շարժվում առավելապաշտական նկրտումներով: Նման պարագայում որեւէ միջազգային սկզբունքի կիրառության համար տեղ չի մնում: Մի կարեւոր դրվագ եւս: Իրանի հայտարարություններն այլ են, քայլերն ու գործողությունները՝ այլ: Այսքան ժամանակ Իրանի հայտարարություններում հակահայկական գործողություններ չենք տեսել՝ ոչ թե նրա համար, որ Իրանի համար հայկական շահերն են կարեւոր, այլ որովհետեւ Իրանի համար կարեւոր են սեփական շահերը: Իսկ Իրանի շահերն այս փուլում որոշակիորեն համընկնում են մեր շահերի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30