Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերի կողմից կիրառված քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակը Արցախի անտառների ու կենսաբազմազանությանը մեծ վնասներ կհասցնի: Այս համոզմանն են Հայաստանում գործող հինգ տասնյակից ավել բնապահպանական կազմակերպությունները, որոնք տեղական եւ տարածաշրջանային, միջազգային կառույցների ներկայացուցչություններն են մեր երկրում: Նրանք միջազգային կառույցներին ահազանգ են հնչեցնում: Բացի այն, որ տվյալ զինատեսակի կիրառությունը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնեւյան կոնվենցիաների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է, ֆոսֆորի այդ ծավալի կիրառությունը հանդիսանում է թույն բույսերի եւ հատկապես՝ կենդանական աշխարհի համար:
Aravot.am-ի հետ զրույցում բնապահպանության նախկին նախարար «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանն ասաց՝ բնության մեջ ֆոսֆոր կա, բնության կողմից օգտագործվում է, պարզապես, խնդիրը քանակի մեջ է, եթե նորմայից բարձր է, յուրաքանչյուր երեւույթ էլ վտանգ է ներկայացնում՝ ֆոսֆորը նույնպես. «Այդ քանակությամբ ֆոսֆորը դառնում է թունավոր ե՛ւ բույսերի ե՛ւ հատկապես՝ կենդանական աշխարհի համար: Անտառը փաստորեն թունավորվում է եւ չի կարող նորմալ առնչվել շրջակա միջավայրի հետ եւ բոլոր տիպի վտանգները կարող են արտահայտվել: Անտառները հույս ունեմ, որ ապագայում կվերականգնվեն, բայց դա էլ կախված է նրանից՝ ինչքան տարածք է այրվել, եթե մեծ տարածք է, շատ դժվար կվերականգնվի, բայց կենդանիների համար չենք կարող նույնն ասել»:
Կարինե Դանիելյանը կարծում է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պետք է շատ ավելի ակտիվ լինեն եւ այդ երեւույթի մասին տեղ հասցնեն բոլոր միջազգային կազմակերպություններին ներկայացնելով, թե այդ ագրեսիան բնապահպանական ինչ վտանգներ է պարունակում: Տիկին Դանիելյանի խոսքով, էկոլոգիական այդ վտանգները չեն սահմանափակվի միայն Հայաստանի եւ Արցախի տարածքով, դրանք կարող են տարածվել ջրի, օդի միջոցով եւ տարածաշրջանային ազդեցություն ունենալ, ինչպես որ Թուրքիայի ու Ադրբեջանի՝ տարածաշրջան ներմուծած ահաբեկիչները:
Ըստ մեր զրուցակցի սպիտակ ֆոսֆորական զինամթերքը հողի, գետերի ջրերում կուտակվում է եւ տարիներով աղտոտում դրանք: Տարածաշրջանի երկրները, այդ թվում եւ Ադրբեջանը նույնպես վնասներ կկրի քիմիական այդ զենքի կիրառությունից:
Վերոնշյալ կազմակերպությունները հիշեցնում են, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժ կետերից մեկը, որը պետք է պահպանվի համաշխարհային մակարդակով. «Մեր տարածքը հայտնի է էնդեմիզմի բարձր մակարդակով՝ բնական կենսամիջավայր ապահովելով ավելի քան 6000 բուսատեսակների, 153 տեսակի կաթնասունների և 400 տեսակի թռչունների համար, ինչը համաշխարհային բնական ժառանգություն է: Արցախում հայտնաբերված բույսերի եւ կենդանիների հարյուրավոր տեսակներ ներառված են ինչպես տեղական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային՝ IUCN/ԲՊՄՄ կարմիր ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող, համաշխարհային պաշտպանության տակ գտնվող տեսակներ»:
Ըստ բնապահպանների, արգելված զինամթերքի կիրառումը փաստացի վտանգում է մասնավորապես անհետացման եզրին գտնվող գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, անգղերի եւ վերջապես՝ տարածաշրջանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող Պարսկական (Կովկասյան) ընձառյուծի գոյությունն, որ իր միգրացիան է կատարում նաեւ Մռավի լեռնաշղթայով՝ անցնելով ՀՀ-ի, Արցախի, Իրանի ու Ադրբեջանի տարածքներով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ