Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը: Ինչպես զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ օրինագծերի փաթեթը բխում է վերջերս օրենքով սահմանված՝ աշխարհազորի ստեղծման կազմակերպչական աշխատանքների անհրաժեշտությունից:
Մասնավորապես, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանվում է, որ քաղաքապետի նոր տեղակալը կլինի Երեւան համայնքի աշխարհազորային բրիգադի ղեկավարը՝ հրամանատարը, այսինքն՝ Երեւանի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք կսահմանվի (եղած 3-րդ փոխքաղաքապետին կավելանա 4-րդը), եւ նոր հաստիքում նշանակվող փոխքաղաքապետը կզբաղվի աշխարհազորի աշխատանքով:
«Երեւանի դեպքում հաստիքը լինելու է մշտական, քանի որ աշխարհազորը որոշակի նախապատրաստական աշխատանք է ենթադրում»,-տեղեկացրեց Վաչե Տերտերյանը:
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ՝ մարզերի ղեկավարներն էլ կհամակարգեն իրենց մարզերում աշխարհազորի ստեղծման աշխատանքները, իսկ համայնքների ղեկավարները՝ իրենց համայնքում, եւ նրանց դեպքում նոր տեղակալ ունենալու խնդիր չկա:
Խորհրդարանը միաձայն ընդունեց փաթեթը, որի երկրորդ՝ ամբողջական ընթերցումը կլինի վաղը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ