Լրահոս
Օրվա լրահոսը

Փանիկի նահատակված 23-ամյա հերոսը մեծ հաջողություններ ուներ բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստում

Նոյեմբեր 02,2020 17:54

Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական հարձակման ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Փանիկ համայնքի 23-ամյա բնակիչ Գարիկ Արևիկյանը։ Նա ժամկետային զինծառայող էր, մեծ հաջողություններ ուներ բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստում։ Այս մասին մեզ տեղեկացրեց Փանիկ համայնքի բնակիչ Գևորգ Ջնդոյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Գարիկը տան միակ տղան էր, ունի մի քույր, մայրը ուսուցչուհի է․ դասավանդում է Փանիկի դպրոցում, հայրը մեկնում է արտագնա աշխատանքի։

«Նա շատ էր խորացել սպորտի մեջ, մրցումներից առանց մեդալների չէր վերադառնում, ինչքան մրցույթի մասնակցեր, պատվավոր տեղեր էր զբաղեցնում։ Չնայած մեծ հաջողություններին՝ այնքան համեստ էր, որ անհնար էր իրեն չսիրելը։ Շատ ընկերասեր էր, կարող է բազում խնդիրներ ունենար, բայց երբ իրենից օգնություն խնդրեին, իր բոլոր դժվարությունները մի կողմ թողած՝ կհասներ օգնության»,-ասաց Գևորգ Ջնդոյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հերոսի հոր հորեղբոր տղաները ևս ռազմաճակատում են, նրանցից մեկը, Գևորդ Ջնդոյանի փաստմամբ, ֆեյսբուքյան հայտնի նկարներից մեկի հերոսն է․ իր զինվոր ընկերոջը կերակրող տղան՝ Արտյոմ Արևիկյանն է։ Հորեղբոր տղաներից մեկն էլ վիրավորվել է ռազմաճակատում։

Գարիկ Արևիկյանի ընկերներից մեկը՝ Հրաչյա Խաչատրյանը իր հիշողություններից խոսուն մի դրվագ է հրապարակել հերոսի ֆեյսբուքյան էջում։

«Նախանցած տարի գնացինք Մոսկվա՝ մրցումների։ Մեր մարզիկներից մի 5 հոգի կայինք։ Ամեն մեկս մի ձև մեզ դրսևորեցինք։ Մրցումներից հետո Կարենի հետ էլի մի որոշ ժամանակ մնացինք Մոսկվայում։ Որոշեցինք Մոսկվայի դահլիճներ այցելել, տեսնել էնտեղ ոնց են պարապում։ Առաջինը գնացինք Ռուսաստանի ամենահայտնի վարպետներից մեկի դահլիճը։ Մոտեցանք սենսեյին, ասացինք՝ հայեր ենք, Երևանից մրցումների էինք եկել։ Ասաց՝ հա Գարիկի հետ էիք եկել, հիշում եմ Գարիկին, էս մրցումներում ամենահիշվողը ինքն էր, հիանալի վարպետություն ցուցադրեց։ Կարենի հետ Մուրադի դեմքից սարքեցինք ու քթներս վերև ցցած՝ սկսեցինք կողքներս նայել։

Գարիկ ջան, այդպիսի փառք քեզ փայ հասավ, որ մեզ քեզնով պիտի ճանաչեն, որ սերունդները քո անունով պիտի հպարտանան։ Հավերժ Փառք»։

Հերոսի քույրը՝ Մերի Արևիկյանը գրել է․ «Ու թեկուզ ողջ աշխարհն էլ գոռա՝ չկաս…ես միշտ սպասելու եմ, որ կգաս…»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գարիկ Արևիկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30