Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերի իր միկրոբլոգում կիսվել է Reuters լրատվական գործակալության «Չնայած Լիբանանում առկա խնդիրներին՝ տեղի հայերը մոբիլիզացվում են Ղարաբաղ գնալու համար» վերտառությամբ հոդվածով և նշել.«Reuters-ի ռեպորտաժում հաստատվել է օտարերկրյա մարտիկների ու վարձկաների ներկայությունը Հայաստանի ԶՈւ շարքերում։ Մենք քանիցս հայտնել ենք, որ Լիբանանից և Սիրիայից վարձկանները, նաև ՔԲԿ ահաբեկիչները Հայաստանում են»։
Ուսումնասիրելով հեղինակավոր Reuters-ի հոդվածը՝ պարզ է դառնում, որ այնտեղ որևէ խոսք չկա ո՛չ Լիբանանից կամ Սիրիայից ժամանած վարձկանների, ո՛չ էլ Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչների մասին։
Նյութում իրավացիորեն նշվում է, որ Լիբանանում է կենտրոնացված 140 000-անոց հայկական համայնքը, որոնց նախնիները մեծամասամբ փախել են Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ տեղի ունեցած զանգվածային սպանություններից հետո։ Համայնքի ներկայացուցիչները, չնայած արժույթի խիստ անկմանը, դրամահավաք են իրականացրել, իսկ ազգությամբ հայ մի քանի տասնյակ տղամարդիկ էլ առանց երկմտելու մեկնել են Հայաստան՝ օգնելու հայրենիքին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում։
Հոդվածը, մասնավորապես, Հայաստան տեղափոխված Վարդգեսի (չէր ցանկացել նշել ամբողջական անունը) և մարտերում արդեն իսկ զոհված օպերային երգիչ Գևորգ Հաճյանի մասին է, որոնք պատերազմի սկզբից էլ մեկնել էին սահման։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք ուսումնասիրել այստեղ։
Այսպիսով հայտնում ենք, որ Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ հանդես է եղել կեղծ պնդումներով՝ այս անգամ խեղաթյուրելով Reuters-ի հոդվածի բովանդակությունը։
Տեղեկատվության ստուգման կենտրոն