Arfd.am. Մեր «Հարկավոր է դիմանալ ընդամենը մեկ շաբաթ» վերլուծականում որի դրույթներն այսօրվանից՝ նոյեմբերի 2-ից մտնում են ուժի մեջ, թվարկելով առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ռազմաճակատում ու նրա շուրջը սպասվող երեք հիմնական հստակեցումները, մենք միտումնավոր կերպով անտեսել էինք չորրորդի գոյության փաստը՝ թշնամուն լրացուցիչ ոգեւորության առիթ չտալու համար։
Այժմ երբ Բաքվում թուրքական կողմն իր արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի բերանով բացում է փակագծերը, իսկ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը բազմիմաստ կերպով ակնարկում է այդ անհայտ մարտահրավերին հայկական պատասխանի գոյության մասին, կարելի է խոսել նաեւ դրա վերաբերյալ։ Արտաքուստ թվում է, թե խոսքը Ժնեւում ամերիկացիների դրած կոշտ պայմանի մասին է՝ հրադադար կամ՝ կոսովյան գործընթացի գործարկում, բայց իրականում նման սպասելիք դեռեւս գոյություն չունի, համենայն դեպս՝ ԱՄՆ ներկա վարչակազմից։ Առավել եւս՝ որ ինքը՝ Իլհամ Ալիեւը վերջին օրերին նույնպես անընդհատ հայտարարում է բանակցելու իր պատրաստակամության մասին։
Բայց այստեղ է, որ Բաքվից հնչում է Բաքվի տիրակալին ոգեւորող՝ ողջ աշխարհին թուրքերի ուժը ցուցադրելու մասին Թուրքիայի արտգործնախարարի խոսքը։ Խոսք, որը մեր լրատվամիջոցները չգիտես ինչու թարգմանում են թյուրքերի բառակապակցությամբ՝ մոռանալով, որ թուրքերենում Türk բառի գլխին դրվող երկու կետը բաժանարարի դեր չի խաղում այդ երկու հասկացությունների միջեւ։ Բայց չնայած թուրքերի համար «թուրք» եւ «թյուրք» հասկացությունները նույնական են, բոլորս ենք հասկանում, որ Չավուշօղլուի հայտարարության պահին վախեցած հայացքով նրան նայող Ալիեւն իրականում ցուցադրել է ոչ թե թյուրքերի, այսինքն՝ ադրբեջանցիների, այլ հենց՝ թուրքերի ուժը։
Ուրեմն՝ ինչից է վախենում Ալիեւը եւ ինչո՞ւ է նրա վախը չափելու համար Բաքու այցելած Չավուշօղլուին հետեւելու պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը։ Գաղտնիքը նրանում է, որ երկու յոլդաշների նպատակները արդեն բաժանվել են իրարից։ Բաքուն ձգտում է դեպի Բերձոր ու Շուշի, իսկ Անկարան դեպի Զանգեզուր ու Նախիջեւան եւ հենց դրա համար է Ադրբեջան նետել իր լեռնահրաձգային դեսանտը։ Բայց Ալիեւը սարսափելի կերպով վախեցած է ոչ այնքան նախիջեւանյան Ջուղայի դիմաց կանգնած իրանցիներից, որքան հայ-ադրբեջանական շահերի «բալանսի» պահպանման եւ ադրբեջանական ժողովրդի հանդեպ իրենց «հարգանքի» մասին դատողություններ անող ռուսներից։ Մինչդեռ՝ էրդողանյան մամուլը արդեն սկսել է սպառնալիքներ կարդալ իրենց երազած թուրքական միջանցքին խոչընդոտող իրանցիների ու ռուսների հասցեին։ Արդյունքում ակնհայտ է դառնում, որ Թուրքիան Իսրայելը եւ Մեծ Բրիտանիայի հետախուզությունը՝ մի կողմից եւ Իրանն ու Ռուսաստանը՝ մյուս կողմից աքցանի մեջ են առել վախեցած Իլհամին, որը սկսել է մեզանից բանակցություններ խնդրել՝ արդեն իսկ ձեռք բերածն ամրագրելու համար։
Կարդացեք նաև
Բայց կարոո՞ղ է արդյոք խաղից դուրս գալ Ալիեւը՝ ռուսների օգնությամբ մի քանի շրջաններ իրենով անելու միջոցով։ Կարող է, եթե դա իրեն թույլ տան պատերազմի բուն պատվիրատուները եւ ամենակարեւորը՝ մենք։
Ժամանակին Բորոդինոյում իրենց պյուռոսյան հաղթանակից հետո ֆրանսիացիներն ուզում էին հենց այդպես վարվել, բայց ֆելդմարշալ Կուտուզովը նրանց պատասխանեց, որ իրենք նոր-նոր են միայն սկսում պատերազմը։ Մենք էլ այսօր նույն պատասխանն ենք ակնկալում Հայաստանի քաղաքական ղեկավարությունից։
Բայց ամենակարեւորն այն է, որ դեռեւս ռուսների մոտ գոնե՝ «տարած՝ հետ բերածի« կարգավիճակով որոշակի հույսեր արթնացնող Իլհամ Հեյդարովիչը նահանջելու տեղ չունի։ Ուստի, եթե վախենում է մտնել Զանգեզուր, ապա պետք է համառի Արցախի խորքում։ Բայց, քանի որ Զանգեզուրը կարմիր գիծ է ե՜ւ Իրանի ե՜ւ Ռուսաստանի, իսկ Արցախի խորքը՝ Ռուսաստանի համար, նա պետք է շարունակի իր անիմաստ գրոհները՝ մեզանից մի փոքր ավելին պոկելու համար։ Նոյեմբերի 2-ից ուժի մեջ մտած մաշելու շաբաթը հենց այդ անիմաստ գրոհների շրջանն է, երբ պետք է դիմանանք մինչեւ հակառակորդի վերջնական ուժասպառությունը։
Գեւորգ ԽՈւԴԻՆՅԱՆ