Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ամենաարդյունավետ աշխատող պաշտոնյաները և ինչպե՞ս են փոխվել հասարակական տրամադրությունները պատերազմի օրերին. հարցում

Նոյեմբեր 02,2020 16:27

Մեր բանակի մարտական պատրաստվածությունը հոկտեմբերի 30-ի դրությամբ լիովին բարձր է գնահատում հարցվածների 68,8%-ը: Հոկտեմբերի 6-ի դրությամբ այդպես կարծող անձինք ավելի մեծ տոկոս էին կազմում՝ 85,6, իսկ սեպտեմբերի 29-ի դրությամբ այդ թիվը կազմում էր 84,0 %:

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի և Էմ Փի Ջի ընկերության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումներն այսպիսի պատկեր են արձանագրում:

Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով ՀՀ տարածքում: Ընտրանքի ծավալը 401 է, հետազոտության ընտրանքային սխալը ±5%: Հարցվածների միայն չնչին՝ 0,3 %-ն է կարծում, որ հայկական բանակն ընդհանրապես պատրաստված չէ:

Հոկտեմբերի 30-ի դրությամբ մեր բանակի մարտական ոգին շատ բարձր է գնահատում հարցվածների 83,3%-ը, սեպտեմբերի տվյալներով՝ այդ տոկոսն ավելի բարձր էր՝ 92,0%:

Հարցին՝ որքանո՞վ եք վստահ, որ հայկական զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը ունակ կլինեն հակահարված հասցնել ադրբեջանական բանակի գործողություններին, հարցվածների 73,3%-ը հոկտեմբերի 30-ի դրությամբ կարծում է, որ լիովին պատրաստ են, հոկտեմբերի 6-ի դրությամբ նրանց թիվն ավելի մեծ էր՝ 84,7%, սեպտեմբերին ավելի փոքր՝ 83,5%: Չնչին՝ 0,3%-ն է, որ ընդհանրապես վստահ չէ, որ մեր զինված ուժերը հակահարված կհասցնեն ադրբեջանական բանակին:

Հարցվածների մեծամասնությունը՝ 92,0%-ը, վստահ է, որ այս պատերազմը հրահրել է Թուրքիան: Սակայն ըստ հարցման արդյունքների՝ նա միակ երկիրը չէ, որ հրահրել է պատերազմը: 7,5%-ը կարծում է, որ այդ երկիրն ԱՄՆ-ն է, 2,2%-ը՝ ՌԴ-ն, 0,7%-ի կարծիքով՝ եվրոպական երկրներն են:

Հարցվածների մեծամասնությունը դրական է գնահատում Ֆրանսիայի պաշտոնական վերաբերմունքը, ՌԴ-ի և Իրանի վերաբերմունքը հարցվածները հավասարաչափ են գնահատում, սակայն ի տարբերություն սեպտեմբեր ամսվա տվյալների՝ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հոկտեմբերին հարցման մասնակիցների ընկալմամբ Իրանի դրական վերաբերմունքի անկում է նկատվում:

Հարցման մասնակիցների մեծամասնությունն ամենաբարձրը գնահատում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊՆ նախարարների աշխատանքը՝ առավելագույն 5 միավորից 4,9 միավոր:

Ամենաարդյունավետն աշխատող գործիչներից է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ առավելագույն 5 միավորից հարցման մասնակիցների մեծամասնությունը նրա աշխատանքը գնահատել է 4,7 միավոր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքը գնահատում են 4,6 միավոր:

Հարցման արդյունքներով՝ ամենացածր ցուցանիշը գրանցել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ 4,5 միավոր: Հարցման մասնակիցների մեծամասնությունը վստահ է՝ ՀՀ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է՝ 79,6 %, այս ցուցանիշն ավելի ցածր էր հոկտեմբերի սկզբին՝ 69,1%: Նվազել է ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը: Հոկտեմբերի սկզբին 27,5%-ը, իսկ հոկտեմբերի վերջին 23,9%-ն է կարծում, որ ԱՄՆ-ն կարող է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

55,6 %-ի կարծիքով՝ ամենաճիշտ մոտեցումը ՀՀ-ի և Արցախի կողմից թշնամուն ջախջախելն է:

Հարցման արդյունքներով՝ փոքր-ինչ անկում է նկատվում զորակոչվել ցանկացողների թվում: Հոկտեմբերի սկզբին հարցվածների 79,1%-ն էր պատրաստ, հոկտեմբերի վերջին՝ 71,6%-ը:

Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայմանը լիովին դրական է վերաբերվում հարցվածների 46,1%-ը, ընդհանրապես բացասական է վերաբերվում 6,5%-ը:

Պաշտոնական տեղեկատվության վստահելիության հարցում անկում է նկատվում: Եթե սեպտեմբերի 29-30-ի դրությամբ հարցվածների 56,5%-ն էր լիովին վստահում պաշտոնական տեղեկատվությանը, ապա հոկտեմբերի 30-ի տվյալներով՝ 44,1%-ը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30