Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանը գերիների եւ զոհվածների նկարները հրապարակելու մասին. «Դա մարդու անձնականի սահմանի խախտում է»

Նոյեմբեր 02,2020 15:42

«Սոցցանցերում շատ բարձր ակտիվություն է նկատվում, ոմանք իրոք օգնում են ինչ-ինչ նյութեր տարածելով, շատերն էլ հայրենասիրությունից ելնելով են իրենց էջերում տարածում զոհված հերոսների նկարները, տեսանյութերը: Բայց այստեղ հարց է ծագում՝ արդյոք զոհված զինվորը կցանկանար, որ իր տեսանյութը կամ լուսանկարը «կիսվեր» անծանոթ մարդու էջում, մեկնաբանություններ լինեին: Դա ամեն դեպքում մարդու անձնականի սահմանի խախտում է, խախտում է նաեւ նրանց ծնողների եւ հարազատների համար: Զոհվածների ծնողների համար ցավալի է տարբեր հարթակներում ամեն անգամ տեսնել իրենց զավակների, հարազատների նկարները: Կարծես վերքը թարմանում է, վերքին աղ է լցվում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Եվա Օհանյանը:

Եվա Օհանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում հոգեբանին խնդրել էինք մեկնաբանել հանրության շրջանում տարածված այդ միտումը: «Ծնողները դժգոհում են այդ երեւույթից, իրենք շատ նեղվում են դրանից: Ցավոք սրտի, սոցիալական ցանցերի տարբեր խմբերում տեսնում ենք նաեւ հերոսի նկար եւ մեկնաբանություն՝ «Լայք, եթե սատարում ես հերոսին»: Այդ ճանապարհով «լայքեր» հավաքելը սարսափելի երեւույթ է»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Եվա Օհանյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ ինչպես լավ լուրերը, այնպես էլ գույժերը առաջնագծում գտնվողների ծնողների եւ հարազատների վրա, եւ ինչպես պետք է նրանց հայտնել նման լուրերը: «Լավ լուրերը կարող են էյֆորիա առաջացնել՝ զանգել է տղան, լուր կա եւ այլն… Բայց քանի որ անորոշություն է, էյֆորիան երկար տեւել չի կարող, որովհետեւ ամեն րոպե իրավիճակը կարող է փոխվել: Ինչ վերաբերվում է գույժերին, դրանք հաղորդելիս պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ արդեն մարդկանց նյարդերը տեղի են տալիս: Դրա համար ճիշտ կլինի, որ պաշտոնական տեղեկատվություն լինի, մասնագետներ աշխատեն՝ նման լուրերը հայտնելիս եւ ճիշտ ներկայացնեն:

Միակ բանը, որ թերեւս կարող է մխիթարել ծնողների 5 տոկոսին, այն է, որ իր որդին ոչ թե ավտովթարից կամ երկարատեւ հիվանդությունից է զոհվել, այլ հերոսացել է եւ անմահ է բոլորիս համար: Երեւի այս անկյունից պետք է ներկայացնել, բայց դա, կրկնում եմ՝ պետք է անեն պրոֆեսիոնալները, որովհետեւ մեր հասարակությունը ֆեյսբուքյան թոհուբոհով կարող է վնասել ծնողներին»,- նշեց մասնագետը:

Անդրադառնալով գերեվարված հայ զինվորների նկարները, տեսանյութերը սոցցանցերում տարածելուն՝ Եվա Օհանյանը հետեւյալը նշեց. «Չարժե հրապարակել գերեվարված հայ զինվորների տեսանյութերն ու լուսանկարները, որովհետեւ երբեմն մարդիկ սկսում են բացասական մտքեր հայտնել, օրինակ այն մասին, թե ինչ է գերին խոսել այնտեղ: Կոնֆիդենցիալությունը եւ մարդու իրավունքների սահմանները չխախտելը շատ կարեւոր է: Արդյոք գերի ընկած զինվորն ուզո՞ւմ է, որ իր նկարները դառնան հանրային»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30