Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանը նմաններին ասում էր՝ գնա Օմարի բարձունք եւ տես, որ մենք այնտեղ ենք». Անդրանիկ Քոչարյանը՝ Արթուր Ղազինյանի գրառման մասին

Նոյեմբեր 02,2020 15:33

«Ռազմական դրության հետ կապված խայտառակ հրապարակումները շարունակվում են՝ հաշվի չառնելով սահմանային իրավիճակը: Առավոտյան երբ տեսա, թե ինչ խայտառակ գրառում էր արել քաղաքական հարթակում իրեն ընդդիմություն հայտարարած Արթուր Ղազինյանը… դա խայտառակություն էր: Դրանք անդրադառնում են մեր գոյամարտը կերտող անձնակազմի վրա: Ակնկալում եմ, որ ոստիկանությունը եւ ուժային կառույցներն ավելի կոշտ արձագանքեն նման դրսեւորումներին»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր «ՀՀ 2021թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ոստիկանապետի առաջին տեղակալ Արա Ֆիդանյանին այսպես դիմեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց. «Միայն գրառումը ջնջելով չի: Նման մարդիկ պետք է հասկանան՝ անգամ եթե մեկ րոպեով են նման նյութեր դնում, դրանք տարածվում են, եւ հակառակորդին ոգեշնչող գրառումներ են տարածվում: Արթուր Ղազինյանի վերջին տողը՝ «կորցրել ենք հսկայական տարածքներ»…այդ ի՞նչ հսկայական տարածքներ է պարոն Ղազինյանը տնօրինում…ժամանակին, երբ նման հրապարակումներ էին լինում, սպարապետ Վազգեն Սարգսյանը դա անողին ասում էր՝ գնա Օմարի բարձունք եւ տես, որ մենք այնտեղ ենք: Եվ ով խոսում է նման բաների մասին, պետք է տանել անտեղ, որ տեղից անեն այդ գրառումները: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ավելի կոշտ պետք է արձագանքեն սրան: Գրում են, անում իրենց «մունդռիկությունը», հետո գրառումը հանում: Նման խայտառակ իրողության մեջ ենք առավոտից իրիկուն: Զինվորը հերոսապատում է անում, իսկ այստեղ նստած որոշ խմբեր բանակին հեղաշրջման կոչերով են դիմում: Այդպես չպետք է լինի: Նման մարդիկ պետք է զգան պատասխանատվության ծանրությունը»:

Ապա պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին դիմեց Արա Ֆիդանյանին. «Նման գրառումների հանդեպ հանրությունը շատ զգայուն է, բանակը՝ հատկապես: Ավելի ջլատող բան մտածելն այս պահին դժվար է: Եթե իրավական լծակները չկան, հրատապ ռեժիմով մշակեք նախագիծ: Մենք չենք զլանա արտահերթ նիստով այդ օրինագիծն ընդունելու: Առնվազն պետք է ձերբակալվեն: Զինվորներից, բանակից, Սյունիքից ազդակներ եմ ստանում, թե այդ ի՞նչ հսկա տարածքներ ենք կորցրել, ի՞նչ է կատարվում: Ավելի մեծ թշնամանք, քան նման հրապարակումներն են, հնարավոր չէ մտածել: Սա նշեք ձեր մոտ եւ հրատապ քննարկումներ արեք»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ». «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն այս առնչությամբ գրել է իր ՖԲ էջում. «Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ պարոն Քոչարյանին պատասխանելու ցանկություն չունենալով, հարկ եմ համարում նրա ուշադրությունը հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հրապարակված քարտեզի կարմիր հատվածի վրա:

Եթե պարոն Քոչարյանի համար դա ԱՀՌԵԼԻ չէ, ապա Հայաստանի անվտանգությունը, գոնե խորհրդարանական մակարդակում, լրջագույնս վտանգված է:

Շատ կցանկանայի նկատել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և նրա նախագահի կողմից պատերազմի պայմաններում տարվող խորհրդարանական դիվանագիտության ԱՀՌԵԼԻ աշխատանքը՝ ստացվող ԱՀՌԵԼԻ պարգևավճարների շրջանակներում:

ԱՀՌԵԼԻ հարգանքներս . . .»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30