Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցուցարարները ՄԱԿ-ի դրոշն իջեցրեցին, վաղը ՄԱԿ-ի «հուղարկավորությունն» են կազմակերպելու

Նոյեմբեր 02,2020 15:23

«Ձեր սիրելի ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ռմբակոծում է Ստեփանակերտի ծննդատունը, դուք, որ պետք է օգնեք կանանց եւ երեխաներին ու ոչինչ չեք անում, դուք ո՞նց եք ապրում էս աշխարհում։ Գնացե՛ք մեր երկրից, դո՛ւք եք մեղավոր, հեռացե՛ք, ամո՛թ ձեզ, ամո՛թ»,-այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ի աջակցություն Արցախի։

Ցույցի մասնակիցները պահանջում էին հանդիպում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ, սակայն անվտանգության աշխատակիցներն ասացին, որ գրասենյակի պաշտոնատար անձինք աշխատանքի չեն եկել, ներսում միայն տեխնիկական աշխատակիցներն են եւ մաքրուհիները:

«18 տարեկան զինվորը ձեզ խայտառակ արեց, ապացուցեց, որ դուք ոչինչ չեք անում ահաբեկչության դեմ, 18 տարեկան զինվորն աշխարհին խաղաղություն է պարտադրելու»,-ասում էին ցույցի մասնակիցները։ Նրանք պարբերաբար վանկարկում էին՝ ճանաչե՛ք Արցախը։

«Արցախում անտեսվում է մի ողջ բնակչություն, թուրք-ադրբեջանական բանակը ֆոսֆորային զենք է կիրառել, սա պատերազմական հանցագործություն է, իսկ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները փոխանակ դա արձանագրեն եւ ուղարկեն գլխավոր ասամբլեային, ներկայացուցիչն ընդամենը ֆեյսբուքի իր պատին է դնում, այն էլ փակ՝ միայն իր ընկերների համար։ Ամո՛թ է, ամոթ, որ գտնվում եք մեր հողում ու աչք եք փակում այս ամենի վրա։ Արցախում ֆոսֆորային զենք են կիրառում, որի արդյունքում բնապահպանական աղետ է առաջանալու, ՄԱԿ-ը ոչինչ չի անում, իսկ Ադրբեջանի նավթահորերի համար դողում է։ Հայ գերիներին խոշտանգում են, ինչո՞ւ է ՄԱԿ-ը լռում։ Հայերի դիակները, որոնք հանձնվում են հայկական կողմին, մեծ մասն անարգված է, սրա պատասխանն ո՞վ է տալու։ Ամեն օր գալու ենք այս գրասենյակի մոտ ու ասելու ենք՝ ձեր լռությունը դարի հանցագործությունն է, ձեր լռությամբ հանցակից եք դառնում Ադրբեջանին»,-ասացին ցույցի մասնակիցները։

Նրանք շրջափակեցին գրասենյակի մուտքերն ու ելքերը, որոշել էին չհեռանալ, մինչեւ իրենց հետ չհանդիպեն։ Գրասենյակի երկու աշխատակից փորձում էին դուրս գալ, սակայն ցույցի մասնակիցները պատ կազմեցին ելքի մոտ, կանգնեցին դարպասի մոտ՝ փորձելով թույլ չտալ դուրս գալ։ Ցույցի մասնակիցներն ասացին, որ ներսում կան շատ աշխատակիցներ, իրենց պարզապես ստել են, թե աշխատակից չկա։

Ցուցարարները փայտի օգնությամբ, դարպասի ներսում վեր բարձրացրած ՄԱԿ-ի դրոշն իջեցրեցին, սրան զուգահեռ երգում էին՝ «թուրքի դրոշն ընկավ գետնին․․․»։ Ոստիկանները նախազգուշացրեցին՝ դրոշը չիջեցնել, հակառակ դեպքում բերման կենթարկվեն, սակայն ցույցի մասնակիցները չենթարկվեցին այդ պահանջին․ «Տարեք մեզ բաժին, չենք վախենում։ Եթե որեւէ մեկը կհանդգնի ասել, թե հայ խաղաղ ցուցարարն ինչո՞ւ է պոկել ՄԱԿ-ի դրոշը, ասեք նրանց, որ այն պոկել ենք ահաբեկիչների կողմից հայ զինվորներին սպանելու՝ ՄԱԿ-ի լռության համար, նրանք անելիք չունեն Հայաստանում»։

Ցույցի մասնակիցները հեռացան գրասենյակի մոտից, պայմանավորվեցին վաղը ժամը 11:00-ին կրկին գալ, սեւ հագուստներով, նրանք վաղը ՄԱԿ-ի գրասենյակի «հուղարկավորության» միջոցառումն են կազմակերպելու, խոստացան նույնիսկ դագաղներ բերել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30