Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2020 թվականը գնահատվում է բացառիկ, որովհետեւ տեղի են ունեցել իրադարձություններ, պատերազմ, համավարակ, որը շարունակվում է, հետեւաբար հարկաբյուջետային կանոնները կիրառվում են այն տրամաբանությամբ, ինչը նախանշված է բացառիկ գնահատված իրավիճակի համար. «Այդպիսին նախատեսվում է, որ կլինի նաեւ 2021 թվականը: Չնայած աճ է նախատեսվում, այդուհանդերձ, ներկա անորոշությունն այնպիսին է, որ դեռեւս թույլ չի տալիս միանշանակ վերականգնման մեկնարկի պահն արձանագրել եւ վերականգնման տեւողությունը»:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ինչպես պետական պարտքի, այնպես էլ կառավարության պարտքի կանխատեսումներն ամեն դեպքում արված են. «60 տոկոսի շեմը գերազանցող կանխատեսումներ են ներառված փաստաթղթի մեջ եւ դա տրամաբանական է»:
Լրագրողները հետաքրքրվեցին կորոնավիրուսի ծախսերով, թե ինչու են գնումներն արվել մեկ անձից գնման ընթացակարգով, ընդ որում, որոշվեց սկզբում ձեռք բերել ապրանքը, հետո ձեւավորել փաստաթղթերը, պայմանագրերը: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Եթե որոշմանն եք հղում անում, կարծում եմ, հիմնավորմանը նույնպես ծանոթ եք: Բավականին մանրամասն ներկայացվել է, թե ինչու»:
Ջանջուղազյանն ասաց, որ ամբողջ աշխարհում անորոշության աստիճանը խորացել է ու այդ որոշումը ոչ թե պարտադրում է մեկ անձից գնումներ կատարել, այլ տալիս է հնարավորություն անհրաժեշտության դեպքում մեկ անձից գնում կատարել, իսկ անհրաժեշտությունը պատվիրատուն է գնահատում. «Եթե պատվիրատուի կարծիքով դա այն կարգի հրատապություն պարունակող եւ այնպիսի գնում է, որը պետք է իրականացվի մեկ անձից, ապա պետք է իրականացվի մեկ անձից, որովհետեւ մարդկային կյանքերի, առողջության մասին է խոսքը»: Նախարարն ասաց, որ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հիմնավորումները կներկայացվեն:
Կարդացեք նաև
Հարցին՝ պարգեւավճարների հետ կապված շատ քննադատություն կա, դուք ասել եք, որ պետք է քաղաքականություն փոխվի, այս պատերազմական իրավիճակում հնարավո՞ր է դա փոխանցել հիմնադրամին, զենք գնել, Արցախից վերադարձածների կարիքների համար օգտագործել՝ Ջանջուղազյանը պատասխանեց. «Դա ավելի շատ նախընտրական ելույթ էր, քան թե հարց: Հարցը սկսեցիք մի պնդումից, որն իրականության հետ որեւէ ընդհանուր աղերս չունի, թե ես ասել եմ, որ պարգեւավճարների քաղաքականությունը պետք է վերանայվի: Ես այդպիսի բան չեմ ասել: Հիմա չգիտեմ ինձնից ինչ եք ակնկալում: Առայժմ 2021-ի նախագծով ծախսերի համար նախատեսված միջոցների վերաբաշխման, վերանայման հարց չի քննարկվում: Դա նշանակում է փոխել քաղաքականությունը: Իսկ կոնկրետ պարգեւավճարների հետ կապված դա միջանկյալ լուծում է, որով փորձ է արվում մեղմել այն իրավիճակը, որն առկա է պետական կառավարման համակարգում: Իսկ պետական կառավարման համակարգում հարցի վերջնական լուծումը ենթադրում է ծանրաբեռնվածության համաչափ բաշխման եւ աշխատանքի դիմաց համարժեք վարձատրության հավասարակշռված համակարգի ներմուծում: Քանի դեռ դա չկա, դա լուրջ խնդիր է: Համարժեք՝ չի նշանակում բարձր կամ ցածր: Եթե համարժեք լիներ, այս խնդիրն այսպես չէր ձեւակերպվի: Ոչ ծանրաբեռնվածությունն է համաչափ բաշխված, ոչ էլ վարձատրությունն է համարժեք բաշխված: Մենք ունենք մեր պատկերացումով ոչ արդյունավետ գործող պետական կառավարման համակարգ: Այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում»:
Իսկ երբ Ջանջուղազյանից հետաքրքրվեցին իր ստացած պարգեւավճարի չափից, նախարարը հղում արեց հայտարարագրին, որը ներկայացվում է ըստ ժամկետի: Իսկ երբ հարցրեցին՝ հիմնադրամին նվիրաբերե՞լ է, թե՞ ոչ՝ նախարարը պատասխանեց. «Թույլ կտա՞ք ես իմ անձնական տեսակետն ունենամ իմ անձնական եկամուտների վերաբերյալ եւ իմ անձնական եկամուտները տնօրինեմ այնպես, ինչպես ես գտնում եմ նպատակահարմար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ