«Աշխարհում համավարակ է, մենք պատերազմի մեջ ենք: Կանխատեսումները տատանողական են: Դուք ասում եք, որ անորոշությունը մեծ է: Որքանով հասկացա՝ այս նախագիծը կազմվել է ըստ լավագույն ցուցանիշների, բայց հասկանալի չէ՝ կառավարությունն ունի՞ ռազմավարական պատկերացում եւ գիտի՞ ինչ վարքագիծ է ցուցաբերելու, եթե կանխատեսումները լինեն ոչ թե լավագույնը, այլ վատագույնը»,-ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ 2021թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց նախագծի զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից:
Նա պատասխանեց, որ անորոշության ներկա պայմաններում, երբ համավարակին գումարվել է պատերազմը, ռիսկերը նախագծում գնահատված են. «Եթե շեղման մասին է խոսքը՝ նոր ցնցման, որի մասին որեւէ մեկը չգիտի եւ չի կարող դատողություն անել, շատ դժվար է այսօր բանաձեւ առաջարկել: Տրամաբանությունն արձագանքի պարզ է՝ կիրառելու ենք նույն մոտեցումը, եթե պարզվի, որ մեկ այլ ցնցման մասին է խոսքը: Պետք է շարունակենք միասին ճիշտ լուծումներ գտնել, եթե ցնցումը լրացուցիչ փոփոխության անհրաժեշտություն կբերի: Միջոցառումների այլ ցանկ, որն այսօր կարելի է ասել, բացակայում է, որովհետեւ «եթե այսպես լինի»-ն է բացակայում»:
«Լուսավոր Հայաստանի» մեկ այլ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն էլ նկատեց. «2021թ.-ի պետբյուջեով պարգեւատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, ինչը ավելի քան 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա թիվը: Նոր իրողությունները հաշվի առնելով՝ կառավարությունը մտադի՞ր է վերանայել սա, թե այս թիվը նույնն է մնալու»:
Կարդացեք նաև
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ քանիցս այդ հարցին անդրադարձել են. «Այս միջանկյալ լուծումը ներկայացրել ենք այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին, քանի դեռ չի գտնվել լուծում՝ ծանրաբեռնվածության բաշխմանը և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգին: Սա ժամանակավոր լուծում է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ