Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս փուլում մենք ունենք ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, և մենք չպիտի մեծ հույսեր կապենք Արևմուտքի հետ». Վահրամ Պետրոսյան

Նոյեմբեր 02,2020 14:50

«Ունենք վտանգ, որ որոշ հարցերի պատասխաններ մենք կստանանք ոչ թե Բաքվում, այլ Անկարայում: Դա հենց այն է, ինչին ձգտում է Թուրքիան»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:

Նա փաստեց՝ Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ կողմնակից է և ցանկանում է, որ խնդիրը կարգավորվի իր հետ և միևնույն ժամանակ նշեց. «Ունենք փաստաթղթային բազա, որի մեջ Թուրքիան չի մտնում, այսօրվա դրությամբ պատերազմող կողմն է նա, ինչը լիովին անիմաստ է դարձնում խաղաղապահների ինստիտուտը, եթե Թուրքիան պիտի մասնակցի»:

Նա նշեց՝ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանում, այն գործընթացները, որ տեղ են գտել, միայն ղարաբաղյան հակամարտության հետ կապված չեն: Այս առիթով մանրամասնեց. «Վերաարժևորվում են հին խաղացողները, նկատվում են նոր խաղացողների ներգրավման միտումներ»:

Նա շեշտեց՝ նկատվում է պատերազմի սիրիականացման միտում ու պարզաբանեց. «Պատերազմի սիրիականացումը մի շղթա է, որն իր հետ բերելու է մի շարք նոր իրողություններ. վերագնահատել նախորդ խաղացողների դերը՝ լինի Մինսկի խմբի համանախագահներ, եռյակի իրողություն և այլն: Սիրիականացում ենթադրում է Աստանային գործընթաց, նախատեսում է նոր ձևաչափ՝ Թուրքիա-ՌԴ-Իրան: Մյուս կողմից տեղի ունեցավ հոգեբանական արգելքի հաղթահարում: Ռուսական ազդեցության ոլորտ է թափանցում Թուրքիան և կարողանում է խորանալ այն աստիճան, որ մենք այսօր գործ ունենք Բաքվում, ընդհանրապես Ադրբեջանում դոմինանտ Թուրքիայի հետ. այն գործոնի է վերածվել, որը կարող է խոտորել նույնիսկ հրադադարը: Ցանկացած հրադադարի պատասխան մենք ստանում ենք ոչ թե Բաքվից, այլ Անկարայից»:

Ըստ նրա՝ այն քարոզչությունը, որը տարվում է, մեծամասամբ Բաքվի քարոզչությունը չէ, այլ սցենար է, որը մշակվել է Անկարայում. «Թուրքիային հաջողությամբ հասել է նրան, որ մենք ու տարբեր ուժեր ավելի լուրջ հետևում ենք Անկարայի կողմից արված, քան Բաքվի կողմից արված հայտարարություններին՝ այն համարելով ավելի կանխատեսելի դարձնող իրողությունը»:

Վահրամ Պետրոսյանը նկատեց՝ Թուրքիայի և Ադրբեջանի քարոզչության հետևանքով հնչում են կարծիքներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդյունավետ չէ ու չի եղել: Ըստ նրա՝ դա ինքնին վտանգավոր իրողություն է:

Ըստ Վահրամ Պետրոսյանի՝ փակուղային՝ կամ-կամ-ի ձևաչափը, որ ստեղծում է Թուրքիան, այնպիսի մշակում է, որ երկուսն էլ ձեռնտու լինեն իր համար: Նա մանրամասնեց. «Եթե նախորդ ձևաչափն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ապա եռանախագահների ձևաչափը դառնում է քառանախագահների. Թուրքիան մտնում է: Ինքնին, եթե քառակողմ է ձևաչափը, Իրանի գործոնն է առաջ գալիս, որն անիմաստ ընդլայնում է ձևաչափը: Եթե ձևաչափը վերանայում ենք, Թուրքիան կրկին շահեկան վիճակում է լինում: Արդեն Ռուսաստան, Թուրքիա, Իրան այս ձևաչափում կա. Թուրքիան գցում է այն խայծը, որ Իրանը չկար գործընթացում, հիմա կլինի: ՌԴ դեպքում էլ այս համատեքստը մենք պետք է դիտարկենք, որ այն, ինչ տեղի է ունենում, և դա մեր ռազմավարական դաշնակիցն էլ հրաշալի գիտակցում է: Այս պատերազմն ինչ- որ չափով նաև ռուս-թուրքական բնույթ ունի: Այն բոլոր փոփոխությունները, որոնք կարող են տարածաշրջանային համատեքստում տեղի ունենալ, կարող են լինել միայն ի վնաս Ռուսաստանի»:

Վահրամ Պետրոսյանի հավաստմամբ՝ այս փուլում մենք ունենք ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, և մենք չպիտի մեծ հույսեր կապենք Արևմուտքի հետ. «Ցավոք, մի քիչ կատեգորիկ է հնչում, բայց մենք ունենք ռազմավարական համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ, բայց դաշնակցային հարաբերությունները, ռազմավարական դաշինքի հարաբերությունները բոլորովին այլ որակի են: Այս փուլում խնդրի կարգավորման, համենայն դեպս էականորեն տարբեր հարցերի պատասխաններ մենք պետք է փնտրենք Մոսկվայում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30