Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեմ լուրջ իրավական գործընթացներ հարուցելու նախաձեռնությամբ օր առաջ պետք է հանդես գան ՀՀ բոլոր պատկան մարմինները. Արման Բաբաջանյան

Նոյեմբեր 02,2020 14:46

Սեպտեմբերի 27–ից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան բացի ռազմաճակատից, դրսևորվում է նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, աշխարհաքաղաքական կուլիսներում, միջազգային մամուլի էջերում և այլուր։ Դժբախտաբար, հայկական կողմը համարժեք կերպով չի արձագանքում միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տարածվող ստի ու կեղծիքի քաղաքականությանը, ինչի արդյունքում միջազգային հանրության շրջանում ձևավորվել ու շարունակում է ձևավորվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կողմնակալ ու ըստ էության ադրբեջանամետ վերաբերմունք, որի համաձայն Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի «ազատագրելու իրեն պատկանող» տարածքները։

Սրա արդյունքում երկրորդական պլան է մղվում ազգերի ինքնորոշման իրավունքն ու այն անհերքելի իրողությունը, որ Արցախի ժողովուրդը որևէ պարագայում չի կարող գոյատևել Ադրբեջանի կազմում, քանի որ դա հղի է գոյաբանական, էքզիստենցիալ վտանգով։ Այս պնդումն էլ ավելի անխոցելի են դարձնում Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները՝ սկսած պատերազմում վարձկան ահաբեկիչների ներգրավումից մինչև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ֆոսֆորային զինատեսակներից կատարվող հարձակումներ։

Ադրբեջանի այս և բազմաթիվ այլ գործողություններ միջազգային ամենատարբեր կոնվենցիաների խախտումներ են, որոնց վերաբերյալ հայկական կողմն ունի այլևս անհերքելի ապացույցներ։ Այդ ապացույցները սակայն գործնականում գրեթե նշանակություն չունեն, եթե չեն օգտագործվում համապատասխան հարթակներում ու համապատասխան ձևաչափերով։ Այն դեպքում, երբ մենք ունենք Ադրբեջանի դեմ լրջագույն իրավական գործընթացներ հարուցելու բոլոր հիմքերն ու ապացույցները։

Մենք կարող ենք Ադրբեջանի դեմ լուրջ իրավական գործընթացներ հարուցել բազմաթիվ կոնվենցիաների խախտման դեպքերով ու բազմաթիվ միջազգային հարթակներում։ Դրանց թվում, սակայն առանցքային, ինտեգրալ նշանակություն ունի Ադրբեջանի դեմ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա ՄԱԿ-ի Միջազգային դատարանում (Հաագա) հայց ներկայացնելու հնարավորությունը։ Նման նախաձեռնությամբ օր առաջ պետք է հանդես գան բոլոր պատկան մարմինները, այդ թվում ու առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, այլ կառույցներ։

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա հայցի հարուցումը Ադրբեջանի դեմ և Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության փաստի արձանագրումը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից ունի Արցախյան հիմնախնդրում բեկում մտցնելու հսկայական հնարավորություն։ Հայաստանի հայցի բավարարումը փաստացի կարող է օգտագործվել դիվանագիտական հարթակներում որպես փաստարկ, որը բացառում է Արցախի ժողովրդի գոյությունը Ադրբեջանի կազմում։ Այդ հայցի հարուցումը հենց այս փուլում լրացուցիչ արժեք կհաղորդի «անջատում հանուն փրկության» («remedial secession») դոկտրինի շրջանակներում Արցախի միջազգային ճանաչման մեր ջանքերին։ Նույնքան կարևոր է նաև այն, որ այդ գործընթացի հարուցման դեպքում ՄԱԿ-ի միջազգային դատարանը իրավասու է կիրառել և պարտադրել կողմերին այսպես կոչված պահպանման միջոցառումներ («provisional measures»), որոնք շատ ավելի թիրախային և արժեքավոր են (նաև քաղաքական ծանրակշռության առումով), քան ՄԻԵԴ-ի կողմից կիրառվող միջանկյալ միջոցները։ Նման պահպանման միջոցառումների կիրառումը դեռևս 2016թ ապրիլյան պատերազմից հետո մեծ հավանականությամբ կարող էր կանխել նաև այսօրվա ռազմական էսկալացիան։

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ կոնվենցիան մեր իրավական գործիքակազմում առկա կարևորագույն, բայց ոչ միակ միջոցն է, որը կարող է կիրառվել Ադրբեջանի դեմ։ Դրան զուգահեռ դատական գործընթացներ կարող են նախաձեռնվել նաև 1999թ․ Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ միջազգային կոնվենցիայի և 1989թ․ Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և մարզելու դեմ միջազգային կոնվենցիայի հիման վրա։ Նման գործընթացներ չնախաձեռնելը, սակայն միջազգային հանրության կողմից կարող է ընկալվել որպես լուռ համաձայնության նշան, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը իրավական հարթությունում բողոքարկելու հնարավորություններ չունի։

Այս իրավական գործիքների չկիրառումը մեր կողմից հավասարազոր է հանցավոր անգործության հատկապես Ադրբեջանի կողմից տարիներ ի վեր օգտագործվող անգամ աննշան իրավական հնարավորությունների պարագայում։ Իսկ այն, որ Ադրբեջանը բաց չի թողնում Արցախի ու Հայաստանի դեմ իրավական որևէ գործիք կիրառելու որևէ հնարավորություն, անհերքելի իրողություն է։ Օրինակ` դեռևս 2008թ.-ից սկսած Ադրբեջանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով շրջանառել է Արցախյան հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հիմնավորող և միջազգային փորձագետների կողմից պատրաստված իրավական հուշագրեր, որոնց Հայաստանի Հանրապետությունը երբևէ չի արձագանքել։

Այդ հուշագրերի միջոցով Ադրբեջանը փաստացի միջազգային հանրությանն է մատուցել հարցի վերաբերյալ իր համար ընդունելի համատեքստ, որի արդյունքում միջազգային հանրությունն արցախյան հիմնախնդիրը ընկալում է առավելապես ադրբեջանահաճո լույսի ներքո։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեզ համար ընդունելի միակ միջազգային ձևաչափն իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Հասկանալի ու արդարացված է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն առաջնային կարևորություն է հատկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Մյուս կողմից սակայն դա ամենևին չի նսեմացնում այն իրավական գործիքների կարևորությունը, որոնք Հայաստանն ուղղակի պարտավոր է կիրառել նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում մեր դիրքերն ավելի ամուր, փաստարկները՝ ավելի անխոցելի դարձնելու նպատակով։

Հետևաբար, Հայաստանի ու Արցախի համար կենսական կարևորություն ունի օր առաջ վերը նշված իրավական գործընթացների նախաձեռնումն ու մեկնարկը, որը մեզ համար լրջագույն իրավական ու քաղաքական կռվաններ կապահովի Ադրբեջանի դեմ նաև միջազգային իրավական, իսկ իրականում՝ իրավաքաղաքական պատժամիջոցներ ապահովելու գործում։ Չափազանց կարևոր է, որ վերը նշված իրավական գործընթացների հարուցման հարցում Հայաստանի իրավաբանական, մասնագիտական հանրության շրջանում կա գրեթե կատարյալ կոնսենսուս, անգամ հակամետ դիրքորոշումներ ունեցող իրավաբանները միակամ են այն հարցում, որ նշված բոլոր հիմնավորումներով անհրաժեշտ է օր առաջ իրավական գործընթացներ հարուցել Ադրբեջանի դեմ։

Հապաղումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30